Հայաստանում 2009 թ.-ին ԶԼՄ-ների իրավունքների խախտումները կրճատվել են. փորձագետ

19.01.2010, 16:18
Հայաստանում 2009 թ.-ին ԶԼՄ-ների իրավունքների խախտումները կրճատվել են. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2009 թ.-ին ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտումները կրճատվել են, ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը՝ երեքշաբթի ներկայացնելով Կոմիտեի ամենամյա զեկույցի տվյալները։

«2009 թ.-ին Հայաստանում գրանցվել է լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտման  38 դեպք՝ 2008 թ.-ի 48-ի համեմատ, ինչն այս առնչությամբ աննախադեպ է վերջին տասնամյակում»,- ասաց Մելիքյանը։

Կոմիտեի զեկույցի համաձայն՝ 2009 թ.-ին Հայաստանում գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 11 դեպք, ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու 14 դեպք և տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 13 դեպք։

Մելիքյանի խոսքերով՝ չնայած այն բանին, որ գրանցված խախտումների թիվն ավելի պակաս է, քան նախորդ տարում, Հայաստանում ազատության հետ կապված ընդհանուր վիճակը բավականին մտահոգիչ է մնում։

Զեկույցի տվյալները սպառիչ չեն և չեն հավակնում բացարձակ իսկության։ «Հաճախ լրագրողները չեն հայտնում իրենց իրավունքների խախտման դեպքերի մասին և փորձում են ինքնուրույն հաղթահարել իրենց խնդիրները»,- նշեց Մելիքյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում կան նաև քողարկված գրաքննության և ԶԼՄ-ների գործունեության համար վարչական խոչընդոտների դեպքեր։

Միևնույն ժամանակ Կոմիտեի ղեկավարը նշեց, որ ավելացել է լրագրողների իրավունքների խախտման փաստերի դատավարությունների թիվը, և կան ԶԼՄ-ների օգտին դատավճիռների նախադեպեր։

Մելիքյանն ասաց, որ 2010 թ.-ի զեկույցը ավելի որակյալ կլինի, քանի որ կազմված կլինի միայն քանակական տվյալների հիման վրա, բայց և հաշվի առնելով տնտեսական, քաղաքական ու սոցիալական գործոնները։

Հայաստանում լրագրողների իրավունքների խախտման մասին զեկույցը պատրաստված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից և իրականացվել է Նիդեռլանդների թագավորության կառավարության ու Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի հայկական գրասենյակի օժանդակությամբ։ -0-