«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցմամբ հետաքրքրված են նաև իրանական կազմակերպությունները. դեսպան

14.01.2010, 10:41
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցմամբ հետաքրքրված են նաև իրանական կազմակերպությունները. դեսպան
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցմամբ հետաքրքրված են նաև իրանական կազմակերպությունները. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին հունվարի 13-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ Հայաստանի ճանապարհաշինության, այդ թվում`  «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցմամբ հետաքրքրված են նաև իրանական կազմակերպությունները:

Դեսպանը չբացառեց, որ ավտոմայրուղու որոշ հատվածների ֆինանսավորման համար կմասնակցեն նաեւ իրանական բանկերը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարար Գ. Սարգսյանը ողջունելով դեսպանին նշեց, որ տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ոլորտում կան մի շարք ծրագրեր, որոնց համատեղ իրականացումը կնպաստի երկու երկրների տնտեսության զարգացմանը: Դեսպանի խնդրանքով նախարարը մանրամասն ներկայացրեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու» և Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրերի ընթացքը: Մասնավորապես նշվեց, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման համար Ասիական զարգացման բանկը հայտարարել է 500 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին, որից մոտ 60 մլն դոլարը կհատկացվի այս տարի:

Նախարար Սարգսյանը տեղեկացրեց, որ անցած տարեվերջին հայտարարվել է ավտոմայրուղու կառուցման առաջին փուլի նախագծային աշխատանքների իրականացման մրցույթ: Նախագծային աշխատանքների փաթեթներն արդեն ներկայացվել են, և դրանք ներկայում գնահատման փուլում են: Փաթեթների գնահատումից հետո կհայտարարվի շինարարական կազմակերպության ընտրության միջազգային մրցույթ: 

Առաջին փուլով նախատեսվում է վերակառուցել Երևան-Աշտարակ միջպետական ճանապարհահատվածը, և ճանապարհային անվտանգությանն ուղղված որոշակի աշխատանքներ կատարել Երևան-Արարատ ճանապարհի վրա: Նախարարը նշեց, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն այս տարի:

Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը՝ նախարարը տեղեկացրեց, որ հունվարին կհայտարարվի երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքների իրականացման մրցույթ և, ամենայն հավանականությամբ, ապրիլին հայտնի կդառնա հաղթող ընկերության անունը, որից հետո կսկսվեն այդ աշխատանքները:

Նշվեց, որ Իրան-Հայաստան երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար Ասիական զարգացման բանկն արդեն տրամադրել 1 մլն դոլարի դրամաշնորհ:

Հանդիպման վերջում երկու կողմերի միջև նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի աշխատանքային խմբի եռակողմ հանդիպումն անցկացնել հունվարի վերջին` Երևանում:-0-