Հայաստանն ի վիճակի է դիմակայել հնարավոր արտաքին ցնցումներին. ՀՀ ԿԲ նախագահ

29.12.2009, 13:01
Հայաստանն ի վիճակի է դիմակայել հնարավոր արտաքին ցնցումներին. ՀՀ ԿԲ նախագահ

Հայաստանն ունի տնտեսական կայունության բավականին մակարդակ և կարող է դիմայակել արտաքին ցնցումներին, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով www.armbanks.am կայքում կազմակերպված օն-լայն ասուլիսի հարցերին:

«Ճգնաժամի սկզբնական փուլում մեզ հաջողվեց պահպանել ֆինանսական համակարգի կայունությունը՝ այս խնդիրն արդյունավետ զուգակցելով գների կայունության ապահովման անհրաժեշտության հետ», - ասաց նա:

Նրա խոսքերով, խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների արդյունքում 2009 թ.-ի օգոստոսից արդեն գրանցվեց կայուն գների պայմաններում տնտեսական ակտիվության աստիճանական վերականգնում:

«Դա մեզ թույլ է տալիս պնդել, որ մենք ունենք տնտեսական կայունության բավականին մակարդակ և կարող ենք դիմակայել արտաքին ցնցումներին», - ասաց Ջավադյանը:

Միաժամանակ ԿԲ նախագահը խորհուրդ տվեց չմոռանալ, որ ճգնաժամի հետևանքով բացահայտվեցին նաև հայկական տնտեսության թույլ կողմերը. դրանք են՝ դիվերսիֆիկացման ցածր մակարդակը, «երկար» փողերի հետ աշխատող ինստիտուտների պակասը, մրցակցային դաշտի անարդյունավետությունը, ինչպես նաև գների թույլ ճկունությունն ու ոչ բավարար գրավիչ ներդրումային միջավայրը:

«Այս խնդիրներն անհապաղ լուծումներ են պահանջում», - ընդգծեց Ջավադյանը:-0-