ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնական նամակ է գրել AIBA նախագահի անունով (Amateur International Boxing Association –Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիա)՝ խնդրելով ապահովել հայ մարզիկների անվտանգությունը Բաքվում 2010թ.-ի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ:
Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
AIBA բյուրոն որոշում է ընդունել բռնցքամարտի աշխարհի հերթական պատանեկան առաջնությունն անցկացնել Բաքվում:
Գաբրիելյանը հիշեցրեց, որ 2009թ.-ի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը մայիսի 23-ից 30-ը անցկացվեց Երևանում: Դրան մասնակցեցին 42 երկրի հավաքականներ: Գերթեթև քաշային կարգում (մինչև 46 կգ) պատանեկան առաջնության չեմպիոն դարձավ հայ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը:
«Անցկացված առաջնության համար մենք բարձր գնահատականի արժանացանք: AIBA նախագահ Չինգ-Կուո Վուն գործադիր կոմիտեի նիստին ամենաբարձր գնահատականը տվեց մեր երկրի ղեկավարության կատարած աշխատանքին, մասնավորապես ԱՕԿ-ին, Սպորտի նախարարությանը և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային»,- ասաց Գաբրիելյանը՝ ամփոփելով 2009թ.-ի արդյունքներ:
Գաբրիելյանի խոսքերով ընդհանուր առմամբ բռնցքամարտի միջազգային մրցաշարերում ընթացիկ տարում տարբեր տարիքային կարգերում հայ մարզիկները 14 մեդալ նվաճեցին:
«Սա վատ արդյունք չէ: Այդ արդյունքներով բռնցքամարտը Հայաստանում ծանրամարտից հետո երկրորդ տեղում է»,- պարզաբանեց Գաբրիելյանը:
Նա հավելեց նաև, որ հաջորդ տարվա ապրիլին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան կանցկացնի ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան, իսկ մայիսին՝ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Էդուարդ Արիստակեսյանի անվան գավաթի միջազգային մրցաշար:
Գաբրիելյանի կարծիքով, այդ մրցաշարերը թույլ կտան զգալիորեն բարձրացնել Հայաստանի հեղինակությունը աշխարհում բռնցքամարտի ոլորտում:
Նա հայտնեց, որ մրցաշարի հաղթողները կպարգևատրվեն խոշոր դրամական մրցանակներով: Իր հերթին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը նշեց, որը ՀԲՖ-ն որոշում է ընդունել 2010թ.-ից ակտիվորեն կանանց բռնցքամարտ Հայաստանում:
Ըստ նրա, այդ նպատակով ՀԲՖ-ն աշխատանքներ է տանում բռնցքամարտի մանկապատանեկան դպրոցների քանակի մեծացման և մարզչական կադրերի վերապատրաստման ուղղությամբ: -0-