Ուրբաթ գրեթե երկուսուկես ժամ տևած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի ասուլիսն ինքնատիպ կերպով ամփոփեց 2009թ.-ին երկրի կառավարության գործունեության արդյունքները:
Հայաստանի կառավարության աշխատանքներում տեղ գտած հաջորդականությունը Սարգսյանը կիրառեց նաև իր մամուլի ասուլիսի ժամանակ՝ իրեն ուղղված բոլոր հարցերը բաժանելով երեք մասի՝ տնտեսություն, քաղաքականություն և մնացած հարցեր: Զարմանալի չէր, քանի որ հարցերի մեծամասնությունը վերաբերում էր հենց Հայաստանի տնտեսական իրավիճակին:
Կառավարության ղեկավարն ասաց, որ առայժմ վաղ է ամփոփել 2009թ.-ը, և դեռևս ժամանակ է պետք ընթացիկ տարում տեղի ունեցած գործընթացների ավելի խոր հետազոտության ու հանրապետության առաջ կանգնած մարտահրավերի որոշման համար:
«Այժմ դեռ վաղ է ամփոփել տարվա արդյունքները, մեզ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի որոշենք, թե ինչն էր մեզ համար կարևոր 2009 թ.-ին: Դրա համար պետք է մի քիչ ժամանակ անցնի, չէ որ կարևորը նկատվում է հեռավորության վրա», - ասասց ՀՀ կառավարության ղեկավարը:
ՀՀ վարչապետը հատկապես անդրադարձավ Հայաստանի տնտեսության վրա գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հարցին, որը, ինչպես կարծում է Սարգսյանը, իր ծավալով և ազդեցության տեմպերով աննախադեպ էր և չէր կարող շրջանցել Հայաստանը:
«Հայաստանը բավականին լուրջ ռեսուրսներ ունի՝ 2010 թ.-ին կայուն մակրոտնտեսական իրավիճակ ապահովելու համար, և մենք պատրաստ ենք դիմակայել նոր մարտահրավերներին», -ասաց վարչապետը:
ՏԱՐՎԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ըստ վարչապետի, 2009թ.-ը լի էր տարբեր փորձություններով ու ցույց տվեց դրանց հաղթահարման ՀՀ հնարավորությունները: Միևնույն ժամանակ, Սարգսյանն ասաց, որ չնայած կառավարության ու հակաճգնաժամային միջոցների հասցեին շատ քննադատություն է հնչել, այնուամենայնիվ արդյունքները ցույց են տվել վարած քաղաքականության ճիշտ լինելը:
ՀՀ վարչապետ հաջող համարեց ՀՀ կառավարության կողմից իրականացրած հակաճգնաժամային միջոցառումները, որոնք թույլ տվեցին խուսափել գործազրկության մեծ աճից, ապահովել, պահպանել քաղաքացիների բանկային ներդրումները, նույնիսկ ապահովել կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձերի որոշակի աճ: Ճգնաժամային տարում, նախնական տվյալներով, ստեղծվել է ավելի քան 3 հազար աշխատատեղ, լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ են տարվել աղետի գոտում, որոնք կշարունակվեն նաև 2010 և 2011 թվականներին: Նաև, նրա խոսքով, կառուցվել է գյուղական և հանրապետական նշանակության 415 կմ ճանապարհ, 300 կմ ջրատար:
Պակաս հավակնոտ չեն լինի կառավարության ծրագրերը 2010 թ.-ի համար: Հայաստանը ԵվրԱզԷս-ի գործընկերների հետ համատեղ մշակում է մինչև 700 միլիոն դոլարի շուրջ հինգ խոշոր ծրագրեր: Ռուսաստանը ևս 100 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին ալմաստի վերամշակման ոլորտի զարգացման համար:
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Երիտասարդական ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը ՀՀ կառավարության աշխատանքի հեռանկարային ուղղվածությունը կմնա նաև 2010 թ.-ին: Արդեն 2010թ.-ի առաջին կիսամյակից Հայաստանում կսկսի գործել նոր հիմնադրամ, որը հասանելի և էժան հիփոթեկային վարկեր կապահովի երիտասարդ ընտանիքների համար: Հիմնադրամը, որի կանոնադիր կապիտալի կկազմի 3 միլիարդ դրամ, կզբաղվի երիտասարդ ընտանիքներին մինչև 15 տարի ժամկետով և շուրջ 16 միլիոն դրամի հիփոթեկային վարկերի տրամադրմամբ:
Հայաստանի կառավարության համար 2010թ.-ին կարևորագույն ուղղվածություն կմնա սոցիալական ծախսերի իրագործումը, որոնք կշարունակեն հեռանկարային լինել նաև 2010 թվականին: Վարչապետը վստահեցրեց, որ սոցիալական պարտավորությունները կիրագործվեն կառավարության կողմից ամբողջական ծավալով և ժամանակին, իրագործման կատարման որևէ ձգձգում, ինչպես նաև սոցիալական հոդվածների կրճատում չի լինի:
«Սակայն մենք միաժամանակ մեզ վրա չենք վերցնում լրացուցիչ սոցիալական պարտավորություններ, քանի որ 2010թ.-ի ռիսկերը մեզ համար ամբողջովին բացահայտված չեն, և անհրաժեշտ է նախապատրաստվել իրավիճակի զարգացման տարբեր սցենարների», - ավելացրեց Սարգսյանը:
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ
ՀՀ վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ չշրջանցեց նաև վերջերս Հայաստանի համար առավել հրատապ դարձած հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հարցը: ՀՀ կառավարության ղեկավարը չհամաձայնվեց որոշ փորձագետների այն կանխատեսումների հետ, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը աղետալի կլինի Հայաստանի տնտեսության համար:
«Սահմանների բացման հետևանքով աղետներ մեզ չեն սպասվում, և զարգացման ֆանտաստիկ սցենարներն այստեղ անհնար են: Մենք ունենք բավականին մեխանիզմներ և լծակներ, որոնք թույլ կտան կառավարել հնարավոր ռիսկերը», - ասաց Սարգսյանը:
Սարգսյանը հիշեցրեց, որ շատ փորձագետներ հարևան Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կանխատեսում էին Հայաստանի տնտեսական իրավիճակի, ինչպես նաև հայկական ձեռնարկությունների վիճակի վատթարացում, որոնք չեն կարող հաղթահարել աճող մրցակցությունը:
Ինչպես կարծում է ՀՀ վարչապետը, հայկական օրենսդրությունը պետական իշխանության մարմիններին մեխանիզմներ է տրամադրում Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում լրացուցիչ ռիսկերից տնտեսությունը պաշտպանելու համար: Բացի այդ, ինչպես կարծում է Սարգսյանը, ՀՀ օրենսդրությունը դեռևս վերանայման կարիք չունի:
ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ԵՎ ՆԱՄԱԿ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ
Չնայած մամուլի ասուլիսի լրջությանը՝ ՀՀ վարչապետը ժամանակ գտավ անձնական բնույթի հարցերին պատասխանելու համար: Մանկության հիշողությունները պատմելիս՝ Սարգսյանն ասաց, որ փոքր հասակում երազել է դառնալ ԿռԱԶ մակնիշի բեռնատարի վարորդ, որն այն ժամանակ ամենամեծ ավտոմեքենան էր:
«60-ականներին, երբ Երևանում հայտնվեցին մեծ մեքենաներ, մեզ՝ երեխաներիս համար, դա մեծ ուրախություն էր: Այն ժամանակ Երևանում կառուցվում էր «Անի» հյուրանոցը, որի բակում մենք խաղում էինք, և մեզ համար ցնցող էր, երբ մենք շինարարության ժամանակ տեսանք բեռնատար մեքենաներ»,- ասաց Սարգսյանը ուրբաթ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես նայում էի այդ մեքենաներին ու երազում ԿռԱԶ-ի վարորդ դառնալ: Իմ երազանքը այդ հրաշալի մեծ մեքենայի ղեկին նստելն ու վարելն էր»,- նշեց հայկական կառավարության ղեկավարը:
Ինչ վերաբերում է Ամանորին, ապա վարչապետը նշեց, որ «սպիտակ վագրի» տարին կդիմավորի Երևանում՝ ընտանիքի շրջապատում:
«Ես Նոր տարին կդիմավորեմ Երևանում ընտանիքիս հետ: Սակայն չի բացառվում, որ Նոր տարուց հետո 3-4 օրով լքեմ Հայաստանը՝ առողջության հետ կապված խնդիրների կապակցությամբ բուժհետազոտություն անցնելու համար: Սակայն եթե հայ բժիշկները եզրահանգման գան, որ հետազոտությունը կարելի է անցկացնել նաև հանրապետությունում, ապա ես կմնան Հայաստանում», - ասաց վարչապետը:
Խոսելով ամանորյա բարեմաղթանքների մասին՝ կառավարության ղեկավարը խոստովանեց, որ դեռ չի կողմնորոշվել և որ Նոր տարուն մնացած չորս օրվա ընթացքում անպայման կորոշի, թե ինչ է ցանկանում ստանալ ամանորին և կտեղեկացնի լրագրողներին:-0-