Միջազգային կազմակերպությունները 1994-2009թթ.-ին հայկական գիտությանը 180 մլն դոլարի չափով դրամաշնորհներ են տրամադրել

23.12.2009, 19:57
Միջազգային կազմակերպությունները 1994-2009թթ.-ին հայկական գիտությանը 180 մլն դոլարի չափով դրամաշնորհներ են տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական գիտությունը 1994-2009 թթ.-ին միջազգային կազմակերպություններից 180 մլն դոլարի չափով դրամաշնորհներ է ստացել, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

«Եղել են տարիներ, երբ արտասահմանից ստացված դրամաշնորհների չափը գերազանցել է պետբյուջեից գիտությանը հատկացվող միջոցներին»,- նշեց Հարությունյանը՝ որպես օրինակ բերելով 2000թ.-ը, երբ բյուջեից գիտության համար հատկացվել է շուրջ 4 մլն դոլար, իսկ որպես դրամաշնորհ արտասահմանից ստացվել է 7-8 մլն դոլար:

Նրա խոսքերով, միայն Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կողմից Հայաստանին տրամադրվել է 38 մլն դոլար, Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամ (CRDF) և Գիտության ու առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ (NFSAT) ամերիկյան կազմակերպությունների կողմից՝ ավելի քան 40 մլն դոլար:

Ընդ որում Հարությունյանը հերքեց հնչող գնահատականներն այն մասին, որ արտասահմանյան օգնությունը հայկական գիտությանը զուտ շահադիտական նպատակներ է հետապնդել:

«Պետք չէ մոռանալ, որ այն ժամանակ մենք գտնվում էինք ավելի ծանր դրության մեջ, քան հիմա, և այդ ֆինանսավորման պատճառով մեզ հաջողվել է պահպանել որոշակի գիտական ներուժ: Եթե այդ օգնությունը չլիներ, ապա մենք այժմ ոչինչ չէինք ունենա»,- ընդգծեց նա:

Գիտության պետկոմիտեի ղեկավարը հավելեց, որ ազգային անվտանգության համար հետաքրքրություն ներկայացնող գիտական մշակումները Հայաստանն իրականացնում և ֆինանսավորում է ինքնուրույն: -0-