Հայ և ադրբեջանցի գիտնականները համագործակցում են միջազգային ծրագրերի շրջանակներում

23.12.2009, 17:02
Հայ և ադրբեջանցի գիտնականները համագործակցում են միջազգային ծրագրերի շրջանակներում
Հայ և ադրբեջանցի գիտնականները համագործակցում են միջազգային ծրագրերի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ, ադրբեջանցի և վրացի գիտնականները համագործակցում են Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի (CNRS) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

«Սա հետաքրքիր ծրագիր է, քանի որ վերջին տարիներին դժվար է պատկերացնել Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը հատկապես գիտական ոլորտում, սակայն այս ծրագիրն ընձեռել է այդ հնարավորությունը»,- նշեց նա:

Համատեղ իրականցվող ծրագրին Հայաստանից մասնակցում է ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, որին CNRS-ը և Հայաստանի գիտության պետական կոմիտեն տրամադրել է 4 հազար եվրո:

Հարությունյանը հայտնեց նաև, որ CNRS-ի հետ գործակցության շրջանակներում անցկացվել է գիտության ոլորտում երկկողմ ծրագրերի համատեղ բաց մրցույթ, որի արդյունքում ընտրվել է գիտական հետազոտությունների 9 անհատական ծրագիր Ֆրանսիայից, և միջազգային լաբորատորիաների համատեղ իրականացված երկու ծրագիր:

Համաֆինանսավորման հիման վրա անհատական ծրագրերին CNRS-ի և Հայաստանի գիտության պետական կոմիտեի կողմից հատկացվել է 5 հազար, իսկ լաբորատորիաներին՝ 8 հազար եվրո:-0-