ՀՀ ՍԴ-ն պետք է ոչ սահմանադրական ճանաչի Ղարաբաղյան հիմնահարցի շաղկապումը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի հետ. փորձագետ

15.12.2009, 18:27
ՀՀ ՍԴ-ն պետք է ոչ սահմանադրական ճանաչի Ղարաբաղյան հիմնահարցի շաղկապումը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի հետ. փորձագետ

Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ իր եզրակացության մեջ ամրագրի Ղարաբաղյան հիմնահարցը և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացն իրար կապելու ոչ սահմանադրական լինելը, ասաց իրավաբան Հրայր Թովմասյանը:

«Արձանագրությունները ՀՀ Սահմանադրության հետ պարզ համադրումը ցույց է տալիս, որ դրանք չեն հակասում Հիմնական օրենքին, սակայն որոշ մեկնաբանություններում կարելի է հակասություններ գտնել»,- երեքշաբթի Թովմասյանն ասաց լրագրողներին:

Նա, մասնավորապես, նշեց, որ ցանկալի կլիներ, որպեսզի Սահմանադրական դատարանն ամրագրեր այն դրույթը, ըստ որի «երկու պետություն չեն կարող որևէ երրորդ պետության մասին համաձայնագիր կնքել»՝ այդպիսով ամրագրելով Ղարաբաղյան հիմնահարցի և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի կապը բացառող Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը:

Բացի այդ Թովմասյանը նշեց, որ ցանկալի կլիներ, եթե Սահմանադրական դատարանն ամրագրեր դրույթն այն մասին, որ ստորագրված արձանագրությունների համաձայն ստեղծվելիք միջկառավարական ենթահանձնաժողովը չի կարող կասկածի տակ առնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը:
 
Թովմասյանը նշեց նաև, որ ցանկալի չէ արձանագրություններում սահմանների փոխադարձ ճանաչման մասին դրույթների ընդգրկումը:  --0--