ՀՀ և ԼՂՀ Զինված ուժերը բարձր ռազմական պատրաստվածություն ունեն. ՊՆ
ՀՀ և ԼՂՀ զինված ուժերն ունեն մարտական բարձր պատրաստություն և անհրաժեշտ սպառազինություն՝ ցանկացած ոտնձգության արժանի հարված հասցնելու համար, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ինչպես նշեցին Պաշտպանության նախարարությունում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը նախօրեին կրկին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որտեղ արդեն հերթական ձանձրացնող սուտն է տարածել ՀՀ բնակչության թվաքանակի, զինված ուժերի համալրման և սահմանային միջադեպերի մասին:
«Իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ Հայաստանն ունի մարդկային ռեսուրսի պակաս և չի կարողանում կազմավորել անհրաժեշտ ստորաբաժանումները»,- ասվում է հայտարարության մեջ։
Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. աշնանային զորակոչն ընթանում է ըստ ժամանակացույցի և արդեն ավելի քան 70 տոկոսով իրականացվել է զորքերի համալրումը:
Պաշտպանության նախարարությունում նշեցին, որ ադրբեջանական ՊՆ մամուլի ծառայության տարածած տեղեկատվությունը նոյմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հիմնական գաղափարների կրկնությունն է։
«Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ՀՀ և ԼՂՀ զինված ուժերն ունեն մարտական բարձր պատրաստություն և անհրաժեշտ սպառազինություն՝ ցանկացած ոտնձգության արժանի հարված հասցնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։ -0-Ն.Ա.