Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի խնդրում Լատվիայի հավասարակշիռ մոտեցումը. նախագահ

10.12.2009, 17:01
Հայաստանը բարձր է գնահատում  Լեռնային Ղարաբաղի խնդրում Լատվիայի հավասարակշիռ մոտեցումը. նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը բարձր է գնահատում  Լեռնային Ղարաբաղի խնդրում Լատվիայի կառուցողական և հավասարակշիռ մոտեցումը, ասաց  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր Լատվիացի գործընկեր Վալդիս Զատլերսի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Լատվիացի իմ գործընկերոջ հետ զրույցի ընթացքում մենք հանգել ենք այն կարծիքին, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի գործադրման, բացառապես խաղաղ ճանապարհով»,- ասաց Հայաստանի նախագահը:

Նրա խոսքերով` բոլոր հակամարտությունները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղինը, պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:

«Հայաստանը շնորհակալ է Լատվիային` Լեռնային Ղարաբաղի խնդրում մեր դիրքորոշմանն ըմբռնումով մոտենալու և այդ հարցին հավասարակշիռ մոտեցում ցուցաբերելու համար»,- ասվելացրեց Սարգսյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-