Հայաստանի ազգային պաշտպանական համալսարանը կստեղծվի արևմտյան փորձի հիման վրա

03.12.2009, 10:29
Հայաստանի ազգային պաշտպանական համալսարանը կստեղծվի արևմտյան փորձի հիման վրա
Հայաստանի ազգային պաշտպանական համալսարանը կստեղծվի արևմտյան փորձի հիման վրա

Հայաստանի ազգային պաշտպանական համալսարանը կստեղծվի՝ հաշվի առնելով արևմտյան երկրների փորձը, չորեքշաբթի հայտարարել է Ազգային ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի (ԱՌՈւԻ) ղեկավար, քաղաքագիտության դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը ՆԱՏՕ-ի փորձագետների հետ «ԱՌՈւԻ-ի վերափոխումը Ազգային պաշտպանական համալսարանի աստիճանական զարգացման մեթոդի միջոցով» թեմայով քննարկումների ժամանակ:

«Համալսարանը կստեղծվի ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության միջոցով: Որպես հիմնական օրինակ` կվերցնի ԱՄՆ-ի ազգային պաշտպանական ինստիտուտը», - հայտարարել է Քոթանջյանը: Նրա խոսքերով, ընտրությունը պայմանավորված է ԱՄՆ-ում ռազմական կրթության համակարգի արդյունավետությամբ և գործունությամբ:

Քոթանջյանը կարևորել է փորձագետների խմբի կարծիքն ու խորհուրդները համալսարանի ստեղծման գործում: Միաժամանակ ԱՌՈւԻ-ի ղեկավարն ասել է, որ ապագա համալսարանը կհամագործակցի Հայաստանի և Ռուսաստանի բուհերի և գիտական կենտրոնների ու օտարերկրյա պետությունների դեսպանատների հետ:

Նրա խոսքերով, համալսարանն առաջին փուլում իր ուշադրությունը կկենտրոնացնի ազգային անվտանգության խնդիրների լայն շրջանակի վրա:

«Նախագծի նպատակը պաշտպանության ոլորտում մտավոր մթնոլորտի ստեղծումն ու զարգացումն է: Պաշտպանական կրթության բարեփոխումը Պաշտպանության նախարարության գործունեության հեռանկարային ուղղությունն է», - ասել է նա:

Քննարկումների ընթացքում ներկայացվել է նաև համալսարանի ապագա շենքի նախագիծը, որի շինարարությունը կսկսվի 2010 թ.-ին:

Փորձագիտական խմբում ընդգրկված են Կանադայի Պաշտպանության ակադեմիայի նախկին դեկան, դոկտոր Ջիմ Բարետը (խմբի ղեկավար), Կանադայի Պաշտպանության ակադեմիայի դասախոս, փոխգնդապետ Էնդրյու Մաքնեյլը, ՆԱՏՕ-ի ռազմական միջազգային քարտուղարության փորձագետ, փոխգնդապետ Ռենե Կոնգը, Սարաևոյում Խաղաղարար գործողությունների կենտրոնի դասախոս Հայնց Վեցչերան, ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության կրթության հարցերի համակարգող Ժան Դանդուրայնը, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Զբիգնև Ռիբացկին:-0-