ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցությունը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը. խոսնակ

19.11.2009, 20:03
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցությունը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հետ համագործակցությունը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը, հինգշաբթի ասաց ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Երևանում գտնվող Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) տնօրեն դեսպան Յանեզ Լենարչիչի հետ հանդիպման ժամանակ

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աբրահամյանն ընդգծեց, որ երկրի իշխանությունների ցանկությունն է տեսնել ՀՀ առաջադեմ եվրոպական ժողովրդավարական երկրների ընտանիքի կազմում, և այդ նպատակին հասնելու համար առկա է անհրաժեշտ քաղաքական կամքը:

Այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը Լենարչիչին ներկայացրեց 2008թ. ընտրություններին հաջորդած զարգացումները և մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների հետևանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ իր այցի հիմնական նպատակն է ամրապնդել ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններում փոխադարձ վստահության մթնոլորտը:

Այդ կապակցությամբ Լենարչիչն ընդգծեց, որ իր ղեկավարած կառույցը չի հետապնդում դասեր տալու կամ որևէ բան պարտադրելու նպատակ, այլ պարզապես առաջարկում է իր նեղ մասնագիտական օժանդակությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձան առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցին, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:-0-