Հայաստանում տեղի է ունեցել թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված ձեռնարկի շնորհանդեսը

19.11.2009, 13:04
Հայաստանում տեղի է ունեցել թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված ձեռնարկի շնորհանդեսը

«Պայքար ստիպողական աշխատանքի դեմ» գործատուների համար նախատեսված ձեռնարկի շնորհանդեսը տեղի է ունեցել հինգշաբթի Հայաստանում:

Գիրքը հրատարակվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության «Թրաֆիքինգի դեմ համապարփակ պայքարը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում:

«Ձեռնարկի նպատակն է ստիպողական աշխատանքի դեմ պայքարին աջակցելը: Այն նպատակաուղղված է թրաֆիքինգի խնդիրը գործատուին ներկայացնելուն», - ասաց ՀՀ գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Նրա խոսքերով, պետությունները հաճախ բախվում են աշխատուժի պակասի խնդրի հետ և ստիպված են լինում աշխատուժ ներկրել:

«Սակայն գործատուները պետք է հասկանան, որ աշխատողների շահագործումն առանց գրանցման և պատշաճ վարձատրության միշտ բացասաբար է անդրադառնում աշխատանքի որակի վրա», - ընդգծեց Գործարարների և արդյունաբերողների միության նախագահը:

Նա նշեց, որ աշխատողների համար աշխատանքի կարգին պայմանների ապահովումը բխում է գործատուների շահերից:

Ձեռնարկը թարգմանվել է Հարավային Կովկասի երկրների բոլոր լեզուներով և բաղկացած է յոթ բաժնից, որոնք ներառում են հետևյալ թեմաները՝ ստիպողական աշխատանքի դեմ պայքարին ուղղված գործողությունների խորհրդատվություն, մասնագիտական հմտությունների և մասնագիտական ուսուցման զարգացմանը վերաբերող հարցեր, աշխատանքային միգրացիային վերաբերող հարցեր և այլն:-0-