Հայկական հեռուստաալիքների ներկայացուցիչները 2010թ.-ին պրակտիկա կանցնեն ռուսական հեռուստաալիքներում

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տարբեր հեռուստատեսային մասնագիտությունների տեր անձինք կարող են 2010թ.-ին վերապատրաստվել ռուսական հեռուստաալիքներում, ասաց ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը:
«Այսօր ստորագրված հուշագրում ամենագլխավորը այդ նպատակով հայ գործընկերներին մինչև 20 դրամաշնորհ տրամադրելու հնարավորությունն է», - երեքշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շվիդկոյը:
Ռուսական հեռուստատեսության օրերի շրջանակներում նոյեմբերի 17-ին Հայաստանում «Փոխըմբռնման և համագործակցության հուշագիր» է ստորագրվել «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի և հայկական չորս հեռուստաալիքի՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության, Հայկական երկրորդ հեռուստաալիքի, ինչպես նաև «Արմենիա» և «Շանթ» հեռուստաալիքների միջև:
Շվիդկոյի խոսքերով, պատվիրակության անդամների և հայկական հեռուստաալիքների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումների արդյունքում հայտնի դարձավ, որ այսօր դա անհրաժեշտ է:
«Ակնհայտ է, որ տաղանդավոր մարդիկ շատ են, նրանք աշխատում են հետաքրքիր կերպով, սակայն խնդիրները կապված են փոփոխվող հեռուստատեսային տեխնոլոգիաների և տարբեր նորանոր մոտեցումների հետ՝ թվային հեռարձակմանն անցնելու կապակցությամբ», - պարզաբանեց նա:
Միաժամանակ Շվիդկոյն ավելացրեց, որ կարևոր խնդիրները կապված են Ռուսաստանի հայկական հանդիսատեսի համար հայկական հեռուստաալիքների վերահեռարձակման հետ՝ ասելով, որ դա ոչ միայն տեխնիկական, այլև իրավաբանական խնդիր է:
«Առաջին ալիք» ԲԲԸ-ի հեռուստահաղորդավարուհի, Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ Արինա Շարապովան իր հերթին նշեց, որ հայ գործընկերների հետ տեղի ունեցած մասնագիտական զրույցների ընթացքում իրեն հատկապես դուր է եկել հանդիսատեսի շահագրգռվածությունը:
«Զրույցներն ընթանում էին միևնույն մասնագիտական մակարդակի վրա, և դա, իհարկե, շատ հաճելի էր», - ընդգծեց նա:
«Առաջին ալիք» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Լրատվական ծրագրերի տնօրինության ղեկավար Կիրիլ Կլեյմենովի խոսքերով, Հայաստանում գործընկերների հետ շփումը ընթանում էր միևնույն լեզվով՝ չնայած գոյություն ունեցող լուրջ տեխնոլոգիական ճեղքվածքին:
«Այսօրվա դրությամբ մեր տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորություններն անհամեմատելի են, սակայն դա չի խանգարում հասնել փոխըմբռնման, քանի որ աշխարհն այնպես է դասավորված, որ շատ կարճ ժամանակ անց տեխնոլոգիաները, անխոս, կհասնեն նաև ձեզ», - ասաց նա:
Միաժամանակ Կլեյմենովն ավելացրեց, որ ռուսական պատվիրակության այցի նպատակներից մեկը թվային հեռուստատեսությանը տիրապետելու գործում օգնություն առաջարկելն է:
Ինչպես նշեց «Վեստի» լրատվական ծրագրի հաղորդավար, «Ռոսիա» պետական հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Անդրեյ Կոնդրաշովը, «մենք այստեղ ենք, որպեսզի իրարից չհեռանանք»:
«Ժամանակը գնում է, յուրաքանչյուր երկիր ունի սեփական քաղաքական պատմությունն ու իրադարձությունները, և այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ մենք դառնանք ինքնամփոփ՝ սեփական խնդիրների պատճառով: Մենք այստեղ ենք միմյանց խնդիրները զգալու համար», - ասաց նա:
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «Կուլտուրա» պետական հեռուստառադիոընկերության հեռուստահաղորդավար, Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ Սվյատոսլավ Բելզան համոզմունք հայտնեց, որ հին մշակույթ ունեցող երկրում՝ Հայաստանում, հեռուստատեսային մշակույթը նույնպես բարձր մակարդակի վրա է:
«Ես վստահ եմ, որ Հուշագրի ստորագրումից ստացված ազդակը փոխադարձաբար օգտակար է», - ասաց նա:
Հայաստանում ռուսական հեռուստատեսության օրերն անցնում են նոյեմբերի 16-19-ը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:-0-