«ՀայՌուսգազարդի» անբարեխիղճ տեսուչների գործունեության արդյունքում ընկերության ստացված վնասը գերազանցել է 3,3 հազար դոլարը

16.11.2009, 10:25
«ՀայՌուսգազարդի» անբարեխիղճ տեսուչների գործունեության արդյունքում ընկերության ստացված վնասը գերազանցել է 3,3 հազար դոլարը
«ՀայՌուսգազարդի» անբարեխիղճ տեսուչների գործունեության արդյունքում ընկերության ստացված վնասը գերազանցել է 3,3 հազար դոլարը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը քրեական գործ է հարուցել «Հայռուսգազարդ» ՓԲԸ տեսուչների կողմից գազահաշվիչի իրական տվյալները կեղծելու դեպքի առթիվ, ուրբաթ հաղորդել է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ոստիկանության՝ Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերության տեսուչ Ե. Ենոքյանը, համաձայնության գալով  Երևանի կենտրոնում գտնվող բնակարաններից մեկի բնակչի հետ, հիշյալ բնակարանին  ամրակցված  գազահաշվիչի խցան-կնիքը  վնասելով` հետ է տվել հաշվիչը և կեղծել իրական տվյալները:

«Այսկերպ «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերությանը պատճառվել է  334 058 դրամի (շուրջ 900 ԱՄՆ դոլար) նյութական վնաս», - ասվում է տեղեկատվության մեջ:

Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ նույն ընկերության տեսուչ Ռ. Հարությունյանը, նախնական համաձայնության գալով «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության տնօրենի հետ, գազահաշվիչի իրական թվերը հետ է տվել`վնասելով գազահաշվիչի խցան-կնիքը:

Արդյունքում` «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերությանը պատճառվել է 975 379 դրամի (շուրջ 2,4 հազար ԱՄՆ դոլար) նյութական վնաս:

Փաստի առթիվ  Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) և 214-րդ հոդվածի 1-ին մասով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

Քրեական գործն ուղարկվել է  ոստիկանության` Կենտրոնի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:  -0-