Ղարաբաղյան խաղաղ գործընթացի վրա կարող են ազդել միայն ռուսական քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները. հայ փորձագետ

05.11.2009, 14:56
Ղարաբաղյան խաղաղ գործընթացի վրա կարող են ազդել միայն ռուսական քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները. հայ փորձագետ

Ղարաբաղյան խաղաղ գործընթացի վրա ազդող միակ կարևոր գործոնը կարող է դառնալ Ռուսաստանի քաղաքականության մեջ տեղի ունեցող հնարավոր փոփոխությունը, ասաց Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

«Փոփոխությունը կարող է կայանալ հայամետ ուղղվածությունից ավելի չեզոք դիրք անցնելու մեջ, ինչի հիմքում կարող է ընկած լինել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը», - ասաց նա հինգշաբթի «Հայ-թուրքական դիվանագիտություն և Լեռնային Ղարաբաղը. համաձայնությու՞ն, թե՞ ոչ» թեմայով սեմինարի ընթացքում:

Այս կապակցությամբ Գիրագոսյանը նշեց, որ նման կերպով «Եվրոպային և ԱՄՆ-ին կցուցադրվի այն, որ Ռուսաստանը պատրաստ և կարող է ավելի կառուցողական համագործակցություն վարել»:

Փորձագետը նաև ասաց, որ Ռուսաստանի քաղաքականության մեջ նման փոփոխությունն այն միակ գործոնն է, որին Հայաստանը պատրաստ չէ:

«Եթե Ռուսաստանը փոխի իր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ես չեմ կարծում, որ Հայաստանը որևէ պատասխան կամ դրան հակակշիռ կունենա», - ավելացրեց Գիրագոսյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-