ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում հարաբերություններ հաստատելուն, ասել է ՀՀ նախագահը՝ երկուշաբթի ելույթ ունենալով Սբ. Էջմիածնի առաջնորդարանում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցչական թեմական ժողովի ժամանակ:
«Հայաստանի Հանրապետությունը՝ որպես միջազգային հարաբերությունների համակարգի պատասխանատու դերակատար, մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած հանձնառությունների կատարմանը և պատրաստ է առաջ շարժվել ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն համաձայն` առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ»,- նախագահի խոսքերը մեջբերեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը որևէ կերպ չի նշանակում հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերից:
Նախագահն ասել է, որ ստորագրված արձանագրությունների վավերացումը և առանց նախապայմանների ու ողջամիտ ժամկետներում հարաբերությունների հաստատումը պաշտպանում է նաև լայն միջազգային հանրությունը:
Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր սցենարների առնչությամբ Հայաստանն ունի իր ռազմավարական ու մարտավարական պատկերացումները, և համապատասխան զարգացումներից ելնելով՝ կձեռնարկվեն համարժեք քայլեր:
Անդրադառնալով հնչեցված մտահոգությանը, թե թուրքական կողմը փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, նախագահը մեկ անգամ ևս կրկնել է, որ այդ երկու գործընթացները որևէ ձևով միմյանց հետ չեն կապվում:
Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը գնում է այդ խնդիրներն առանձին-առանձին կարգավորելու ճանապարհով և հաստատակամ է իր այն տեսակետում, որ պետք է լինեն այնպիսին լուծումներ, որոնք տարածաշրջանում կապահովեն տևական կայուն խաղաղություն ու զարգացում:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ -0—