ՀԿԵ-ն «Արեգ» կայարանի վերականգնման մասին որոշում է ընդունել
Հրազդան-Զոդ երկաթուղային հատվածում բեռնաշրջանառության և անցունակության ավելացման առնչությամբ, ինչպես նաև ելնելով տեխնոլոգիական անհրաժեշտությունից, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը որոշում է ընդունել վերականգնել «Արեգ» կայարանը:
Ինչպես հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը, կայարանը գտնվում է Հրազդան-Զոդ հատվածի 159-րդ կմ-ում (Շորժա-Վարդենիս միջուղի):
Ծրագրվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր կայարանը գնացքների երթևեկության անվտանգության և կայարանային շինությունների շահագործման նորմերի պահաջներին բավարարող վիճակի բերել:
Այս առնչությամբ «Արեգ» կայարանը, սահմանված նորմատիվներին համաձայն, կապահովվի անհրաժեշտ տեխնոլոգիական կապով, կկարգավորվի կապի ցանցը հատվածում:
Հիշեցնենք, որ«ՀԿԵ» ՓԲԸ-ն 2009 թ.-ը կայարանների տարի է հայտարարել: Ծրագրի շրջանակներում 2009 թ.-ի ընթացքում համալիր վերականգնողական աշխատանքներ են կատարվել Այրում, Մասիս, Արմավիր, Շորժա, Հրազդան, Սանահին, Վանաձոր, Գյումրի և Երևան կայարաններում:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հուլիսի 1-ից իրականացնում է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել է ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան:--0--