Գազպրոմբանկը երկարաժամկետ վարկային գիծ է բացել ՀայՌուսգազարդի համար

27.10.2009, 16:03
Գազպրոմբանկը երկարաժամկետ վարկային գիծ է բացել ՀայՌուսգազարդի համար

Ռուսական «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի միջև հոկտեմբերի 26-ին ստորագրվեց երկարաժամկետ վարկային համաձայնագիր՝ 40 մլն դոլարի չափով վարկային գիծ բացելու մասին, տեղեկացնում է ՓԲԸ մամուլի ծառայությունը։

Վարկային գիծը կսպասարկի Գազպրոմբանկի դուստր բանկը` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ-ն:

«Համաձայնագրի ստորագրումը հանրապետության վառելիքաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների արդյունավետ համագործակցությանն ու զարգացմանն ուղղված Գազպրոմբանկի  ռազմավարական խնդրի իրագործման հերթական քայլն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հետևողականորեն շարունակում է ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող գազաէներգետիկ ծրագրերի իրականացումը, մասնավորապես «Իրան-Հայաստան» գազատարի գործարկմամբ պայմանավորված գազափոխադրման համակարգի ընդլայնման և «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ» համալիրի արդիականացման և շինարարության ավարտի ուղղությամբ:

2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում այս ծրագրերի ուղղությամբ իրականացված ներդրումները կազմել են շուրջ 27.8 մրդ դրամ:
Բացի այդ, գազային համալիրի վերականգնման և զարգացման ծրագրի իրականացման համար, 2009թ. առաջին 9 ամիսների ընթացքում Ընկերության կողմից ներդրումները կազմել են շուրջ 10.3 մլրդ դրամ: Վերջին տարիներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից կատարված ներդրումային ծրագրերի ամբողջական արժեքը կազմում է 700-750 մլն ԱՄՆ դոլար:

Ներդրումային ծրագրերը ֆինանսավորվում են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին:

Փոխառու միջոցների ներգրավման հարցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համագործակցում է մի շարք տեղական և արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ:

«Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական կազմակերպություններից  մեկն է, որն ընդգրկված  է Ռուսաստանի 3 խոշորագույն բանկերի եռյակում, զբաղեցնում է 3-րդ տեղը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկերի ցուցակում: Բանկը սպասարկում է ռուսական տնտեսության առանցքային ոլորտները, այդ թվում գազի, նավթի, ատոմային, էլեկտրաէներգետիկան:

Գազպրոմբանկի հաճախորդների թվում են 2 մլն-ից ավելի ֆիզիկական և 43 հազար իրավաբանական անձինք: Գազպրոմբանկի տարածքային ցանցի կազմում ընդգրկված են  44 մասնաճյուղ և 5 դուստր ու կախյալ բանկեր Ռուսաստանի տարածքում: Գազպրոմբանկը  մասնակցում է  նաև  արտասահմանյան 3 բանկերի կապիտալում՝  «Բելգազպրոմբանկ» (Բելառուս), «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» (Հայաստան) և «Ռուսական կոմերցիոն բանկ» (Շվեյցարիա): «Գազպրոմբանկը» ունի նաև ներկայացուցչություն Պեկինում (Չինաստան) և Ուլան-Բատորում (Մոնղոլիա):

Հունիսի 30-ի դրությամբ «Գազպրոմբանկի»  կապիտալը կազմում է 156,5 մլրդ ռուբլի, ընդհանուր ակտիվները՝ 1 855,3 մլրդ ռուբլի:

Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ:

Բանկի հաճախորդներն են ավելի քան 58 հազար ֆիզիկական և ավելի քան 2 հազար իրավաբանական անձիք, այդ թվում, ռուսական կապիտալի մասնակցությամբ այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են «ՀայՌուսգազարդե ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Վիվասել-ՄՏՍ-ը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ն, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանը և այլն:

009թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ ընդհանուր կապիտալը կազմում է 9,906,771 հազար դրամ, ընդհանուր ակտիվները՝ 39,545,809 հազար դրամ: Մասնաճյուղերի թիվը կազմում է 15: -0-