Հայաստանի և Եգիպտոսի վերահսկողական ծառայությունները Համագործակցության հուշագիր են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն ու ԵԱՀ գլխավոր վարչական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, վերահսկողական հարցերով բաժանմունքի պետ Յուսրի Աբդալլահ Յուսեֆը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի ու ԵԱՀ գլխավոր վարչական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, վերահսկողական հարցերով բաժանմունքի պետ Յուսրի Աբդալլահ Յուսեֆի ստորագրած փաստաթուղթը հեռանկարներ է բացում կաշառակերության և փողերի լվացման դեմ պայքարի հարցերում շահավետ համագործակցության համար:
Փաստաթղթի ստորագրումից հետո Յուսեֆը, նշելով երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ասել է, որ հայկական փորձը կարող է օգտակար լինել Եգիպտոսի համար կաշառակերպության դեմ պայքարի և այդ ասպարեզում վերահսկողություն իրականացնելու հարցերում:
«Մեր ժողովուրդների միջև բարեկամությունն ու պետությունների միջև ձևավորված փոխադարձ վստահության մթնոլորտը թույլ են տալիս ընդլայնել երկկողմ կապերը նաև այս ոլորտում», - ասել է նա:
Հովսեփյանն իր հերթին նշել է, որ Եգիպտոսի վերահսկողական ծառայությունը բավականին ուժեղ կազմակերպություն է և իրավապահ կառույցի դեր ունի:
«Եգիպտոսի վերահսկողական ծառայությանը կից գործում է շատ լավ ուսումնական կենտրոն, որի հետ համագործակցում են աշխարհի 24 երկրի վերահսկողական ծառայություններ», - ասել է նա:
ԵԱՀ գլխավոր վարչական վերահսկողական ծառայության պատվիրակությունը պաշտոնական այցով արդեն մեկ շաբաթ է Հայաստանում է: Այցի նպատակը փոխադարձ համագործակցության շրջանակների կոնկրետացումն է:
Հայաստանի և Եգիպտոսի վերահսկողական ծառայությունների միջև գործակցության հիմքերը դրվել են դեռ 2002թ.-ին: Եգիպտական կողմը շահագրգռված է փորձի փոխանակմամբ:-0-