Հայ-թուրքական սահմանի բացումը կազդի Հայաստանի տնտեսական դինամիկայի վրա, ասաց Միջազգային ֆինանսական կորպորացիայի (International Finance Corporation - IFC) տարածաշրջանային կովկասյան գրասենյակի ղեկավար Թոմաս Լյուբեկը (Thomas Lubeck):
«Հնարավորությունների աճ կլինի նաև առևտրի բնագավառում: Իսկ բանկերը հնարավորություն կստանան մասնակցել տարբեր նախագծերի»,- նա լրագրողներին ասաց երկուշաբթի:
Պատասխանելով հարցին, թե ինչ ռիսկեր է պարունակում բանկերի համար սահմանի բացումը՝ Լյուբեկն ասաց, որ «գուցե քննարկվի այն հարցը, թե կցանկանա՞ն, արդյոք, թուրքական բանկերը գալ Հայաստան»:
«Սակայն այսօրվա դրությամբ մենք նման տվյալներ չունենք»,- ավելացրեց նա:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-