Բորիս Գրաչևսկու առաջին լիամետրաժ ֆիլմի պրեմիերան կկայանա Երևանում

16.10.2009, 18:28
Բորիս Գրաչևսկու առաջին լիամետրաժ ֆիլմի պրեմիերան կկայանա Երևանում
Բորիս Գրաչևսկու առաջին լիամետրաժ ֆիլմի պրեմիերան կկայանա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բորիս Գրաչևսկու առաջին լիամետրաժ «Տանիք» ֆիլմի պրեմիերան կկայանա ուրբաթ Երևանում՝ Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի շրջանակներում։ 

«Տանիքը» ֆիլմ է երեխաների, և ոչ միայն նրանց մասին։ Չնայած, որ ֆիլմի երեք հերոսուհիները 12-ամյա աղջիկներ են, այն նախատեսված է, ավելի շուտ, ավելի հասուն հանդիսատեսի՝ բարձրդասարանցիների համար»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Երալաշ» հայտնի մանկական կինոամսագրի ռեժիսորը փառատոնի բացման ընթացքում։ 

«Իմ ֆիլմում ներկայացված է կյանքն իր բոլոր դրսևորումներով և բազմազանությամբ, որտեղ միահյուսված են մեծահասակների և երեխաների խնդիրները»,- նշեց ռեժիսորը։

Գրաչևսկու խոսքերով, ֆիլմը սկսվում է բավական ուրախ և անհոգ։ Սակայն, սյուժեի զարգացմանը զուգահեռ խնդիրներն աճում են, առաջ է գալիս սերնդների միջև հակամարտությունների հավիտենական տուրգենևյան թեմատիկան՝ մեծահասակաները չեն հասկանում երեխաներին, երեխաները՝ մեծերին, և ֆիլմի վերջում երեխաները հայտնվում են մի հսկայական տան կտուրի ծայրին։

Ռեժիսորը հույս հայտնեց, որ Հայաստանում ֆիլմը հաջողություն կունենա։ «Հույս ունեմ, որ ֆիլմը հաջողություն կվայելի։ Նկատի առնելով հայ ժողովրդի հուզականությունը, կարծում եմ՝ ֆիլմի հաջողությունն ապահովված է»,- նշեց Գրաչևսկին։

Բացի այդ, փառատոնի շրջանակներում կկայանա ևս երկու պրեմիերա՝ հանրաճանաչ ռուս ռեժիսոր և սցենարիստ Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար վեց» և ռեժիսոր Նիկոլայ Դենիսովի «Արկածներ Դիկանկայի մոտ գտնվող ագարակում» ֆիլմերը։

Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 15-ից 19-ը, որից հետո հոկտեմբերի 20-ից 23-ը փառատոնում ցուցադրված ֆիլմերը կցուցադրվեն Լեռնային Ղարբաղում, իսկ այնուհետև 40 օրվա ընթացքում՝ մինչև դեկտեմբերի 25-ը՝ Հայաստանի հինգ մարզում։ -0-