Ցյուրիխի գործընթացը ցույց տվեց նախորդ տարվա ընթացքում հայկական դիվանագիտության հաջողությունը. ՀՀԿ

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում ցույց տվեց հայկական դիվանագիտության հաջողությունը նախորդ տարվա ընթացքում, հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:
«Մեկ տարվա ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տարվող քաղաքականությունը արգասաբեր էր, ինչը հաստատում է Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին փաստաթղթի ստորագրումը»,- նշեց Շարմազանովը։
Նրա խոսքերով՝ նախագահի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը տարածաշրջանում պասիվ վիճակից անցավ ակտիվ վիճակի, ընդ որում՝ առանց վնաս պատճառելու իր պետական և ազգային շահերին։
«Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի իշխանությունները պաշտպանում են միայն առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը, ինչը բխում է տարածաշրջանային շահերից և, առաջին հերթին, մեր պետության շահերից»,- ընդգծեց Շարմազանովը։
ՀՀԿ խմբակցությանը քարտուղարը դրական է համարում այն փաստը, որ վերջին ամիսներին հայկական կողմի դիրքորոշումը բարձր է գնահատվել ԱՄՆ-ի, ԵՄ երկրների և Ռուսաստանի կողմից։
Ըստ նրա՝ ցյուրիխյան արձանագրություններում որևէ փոփոխություն չի կատարվել, և ներկայումս ամեն ինչ ընթանում է հայկական կողմի նախատեսած սցենարով։
«Քանի որ նախապայմանների առաջադրումը և սահմանի փակումն իրականացվել են Թուրքիայի կողմից, ապա տրամաբանական կլիներ, որ առաջինն արձանագրությունները վավերացնի թուրքական խորհրդարանը։ Թուրքական կողմը պետք է կամք դրսևորի դրա համար»,- կարծում է Շարմազանովը։
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։