Ընդդիմադիր թերթի խմբագրի դատաքննությունը կկայանա հոկտեմբերի 20-ին

13.10.2009, 19:12
Ընդդիմադիր թերթի խմբագրի դատաքննությունը կկայանա հոկտեմբերի 20-ին

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատաքննությունը կկայանա հոկտեմբերի 20-ին, երեքշաբթի տեղեկացրեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը:

«Հոկտեմբերի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է որոշում քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով և 316 հոդվածի 1-ին մասով, դատական քննության նշանակելու մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Վերոնշյալ որոշմամբ մեղադրյալ Ն. Փաշինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի նկատմամբ և զանգվածային անկարգությունների կազմակերպում։

Ընդդիմադիր թերթի խմբագրին է վերագրվում ոստիկանության աշխատակցի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն կիրառելը 2007 թվականի հոկտեմբերի 23-ին և մի խումբ անձանց հետ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում զանգվածային անկարգությունների կազմակերպումը։

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 քաղաքացի։-0-