Բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանի Զինված ուժերի հետագա զարգացման համար. պաշտպանության նախարար

Պաշտպանության ոլորտում բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանի Զինված ուժերի հետագա զարգացման համար, ուրբաթ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպված պաշտպանության ոլորտի բարեփոխումներին նվիրված խորհրդակցության ընթացքում:
«Մենք հետամուտ ենք քաղաքականությանը, որը նախատեսում է բարեփոխումների անհրաժեշտություն, քանի որ Զինված ուժերը հասել են զարգացման այնպիսի մակարդակի, որը պահանջում է համապատասխան բարեփոխումներ՝ Զինված ուժերի հետագա զարգացումն ապահովելու համար», - ասաց Օհանյանը:
Նախարարի խոսքերով՝ բարեփոխումներն իրականացվում են «Զինված ուժերի նոր որակ, պաշտպանական բարեփոխումների հաստատուն ընթացք» նշանաբանի ներքո:
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր հերթին ավելացրեց, որ Հայաստանի՝ պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները շատ արդյունավետ են, և Ազգային անվտանգության խորհուրդն ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացի մեջ:
Որպես օրինակ նա բերել է այն փաստը, որ 15 տոկոսով ավելացել է պայմանագրային զինծառայողների թիվը:
ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպված խորհրդակցությանն ամփոփվեցին 2009 թ.-ին պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքները, ինչպես նաև 2010 թ.-ի առաջնահերթ խնդիրները:-0-