ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Բեռնար Կուշները նախօրեին ստորագրեցին ՀՀ կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիր:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից, համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Նալբանդյանի՝ Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում:
«Այդ համաձայնագիրը ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման ճանապարհի առաջին քայլն է», - ասվում է տեղեկատության մեջ:
Միաժամանակ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լևիտի հետ:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջևբարեկամական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ և քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ Ֆրանսիայի նախագահի մշտական ուշադրության և ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործընթացներում Ֆրանսիայի կառուցողական դերակատարության համար:-0-