Հայաստանն ու Իտալիան կհամագործակցեն մաքսային ոլորտում

06.10.2009, 16:36
Հայաստանն ու Իտալիան կհամագործակցեն մաքսային ոլորտում

ՀՀ ԱԺ պատգամավորները երեքշաբթի նիստի ժամանակ քննարկել են «Մաքսային գործերում համագործակցության ու փոխօգնության մասին» հայ-իտալական միջկառավարական համաձայնագրի վավերացման հարցը:

Ինչպես հայտնեց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, համանման համաձայնագրեր Հայաստանը շատ երկրների հետ ունի:

«Համաձայնագիրը թույլ կտա պաշտպանել ինչպես ընդհանրապես պետության,  այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների շահերը»,- տեղեկացրեց Ալավերդյանը:

Նրա խոսքերով` համաձայնագիրը Հայաստանի համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում` հաշվի առնելով Իտալիայի մեծ փորձը մաքսային ոլորտում, հայ-իտալական համագործակցության ակտիվացումը, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում:

Համաձայնագիրը ստորագրվել է Երևանում 2009 թ.-ի մարտի 6-ին: Համաձայնագրի համաձայն` ՀՀ և Իտալիայի մաքսային մարմինները մտադիր են ընդլայնել համագործակցությունը մաքսային ոլորտում, տարբեր մաքսային գործերի առումով տեղեկատվություն փոխանակել, տարբեր մաքսային հանձնարարություններ կատարել, ինչպես նաև համատեղ միջոցառումներ անցկացնել: -0-