ՀՀ ԱԳ նախկին նախարարը կտրականապես դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններին

02.10.2009, 14:59
ՀՀ ԱԳ նախկին նախարարը կտրականապես դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններին

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը կտրականապես դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրություններին:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

«Այսօր բանակցությունների սեղանին դրված է ազգի և պետության հարցը, մեր երկրի և մեր սերունդների ապագան, մեր երկրի գոյության հարցը՝ մեր տարածքային ամբողջականությանն ուղղված մարտահրավերը», - ուրբաթ լրագրողներին հայտարարեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ իր քաղաքացիական ցանկությունն այն է, որ ՀՀ նախագահը չստորագրի կամ թույլ չտա ստորագրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները:

«Այսօր Ղարաբաղյան շարժման նվիրյալ ղեկավարներից մեկի առջև կանգնած է շատ լուրջ պատասխանատվություն», - ասաց Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ այդ արձանագրությունների ստորագրմամբ կվավերացվի հայ ժողովրդին իր պապենական հայրենիքից զրկելու մասին որոշումը:

«Նա, ով կստորագրի կամ թույլ կտա ստորագրել այդ արձանագրությունները, ոչ միայն կհրաժարվի իր սահմանադրական պարտավորություններից, նախագահի պաշտոնից, այլև իր հայրենիքից», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչները Հայաստանի ապաշրջափակման կողմնակիցն են, սակայն առանց որևէ նախապայմանի:

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-