ՀՀ ԱԳ նախարարը ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

30.09.2009, 12:56
ՀՀ ԱԳ նախարարը ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյւանը Նյու Յորք կատարած այցի ընթացքում հանդիպել է ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հայաստանյաց առաքելական եկեղեցու Ամերիկայի Արևելյան ափի առաջնորդարանում ՀՀ արտգործնախարարի պատվին թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքի ու Նյու Ջերսիի հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Միաժամանակ նա մանրամասն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը, պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին: 

Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) գործադիր տնօրեն Պերճ Սեդրակյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը քննարկել է Հայաստանում և Սփյուռքում կազմակերպության գործունեության, հայապահպանության և հումանիտար ոլորտում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:   

Նալբանդյանը հանդիպել է նաև Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությանը, որոնց հետ քննարկել է Հայաստանի և ԱՄՆ հարաբերություններին առնչվող հարցեր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:

Այցելության ընթացքում արտգործնախարարը հանդիպել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ամերիկայի Արևելյան ափի Ազգային առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր:-0-