ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան չի կարող միջնորդ լինել ղարաբաղյան և մերձարևելյան հակամարտություններում՝ Ադրբեջանի և արաբների հետ իր մտերիմ հարաբերությունների պատճառով, կարծում է Թուրքիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ջեմ Տոկերը:
«Ադրբեջանցիներն ու արաբները մեր եղբայրներն են, և, իհարկե, չի կարելի միջնորդ լինել սեփական եղբայրների համար»,- երկուշաբթի Տոկերը հայտարարել է «Հայաստան-Թուրքիա. հարաբերությունների բարելավման հեռանկարները եվրաինտեգրացիայի լույսի ներքո» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ:
Տոկերի կարծիքով՝ Թուրքիան ավելի շուտ այս հակամարտությունների կարգավորման գործում կարող է օգնել՝ հանդես գալով որպես բանակցային գործընթացի կատալիզատոր, ոչ թե միջնորդ:
«Հայաստան-Թուրքիա. հարաբերությունների բարելավման հեռանկարները եվրաինտեգրացիայի լույսի ներքո» համաժողովը տեղի ունեցավ երկուշաբթի Երևանում: Այն կազմակերպվել էր «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ։
Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցեցին հայտնի քաղաքագետներ և քաղաքական գործիչներ Հայաստանից և Թուրքիայից, ինչպես նաև Հայաստանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մասնավորապես, Հայաստանում ԵՄ, Իտալիայի, Լիտվայի, Բուլղարիայի և Վրաստանի դեսպանները։ -0-