ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հրապարակում է 1980-ականների վերջերին Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում բնակվող հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների, զանգվածային բռնությունների դեպքերի առթիվ ՀԽՍՀ դատախազությունում քննված քրեական գործերի նյութերը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, հրապարակված նյութերի հիման վրա ստեղծվում է էլեկտրոնային արխիվ, որին ծանոթանալու հնարավորություն կընձեռվի լայն հասարակությանը, շահագրգիռ բոլոր կողմերին:
էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներն իրականացվում են «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Նախատեսվում է, որ 2-3 ամսից արդեն արխիվը կունենա ամբողջական տեսք և կտեղադրվի համացանցում:
Ավելի վաղ «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը գրավոր դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրելով թույլատրել ծանոթանալու քրեական գործի նյութերին, անհրաժեշտության դեպքում կատարել գրառումներ։
«Նկատի ունենալով, որ այդ դեպքերն արդեն պատմական իրադարձություններ են, և մեծ է հասարակական հետաքրքրությունը, որոշվեց ստեղծել էլեկտրոնային արխիվ»,- նշվում է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ Հայաստանի դատախազության արխիվում նյութերն ամբողջությամբ չեն պահպանվել, քանզի դրանցից անջատված առանձին գործեր ուղարկվել են ինչպես Ադրբեջան, այնպես էլ Ռուսաստան, որտեղ ոճրագործության անմիջական մի քանի մասնակիցներ, սպանություններ իրականացրած մի քանի անձինք դատապարտվել են տարբեր պատժաչափերի՝ ընդհուպ մահապատժի:
Մարդկային հսկայական զոհերի հանգեցրած հայկական ջարդերի ալիք անցավ Ադրբեջանի քաղաքներով 80-ականների վերջին և 90-ականների սկզբին, երբ Լեռնային Ղարաբաղի հայերն օգտվեցին ինքնորոշման իրենց իրավունքից և հայտարարեցին Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ -0-