Արտաքին գործերի նախարարությանն առընթեր Դիվանագիտական դպրոց է հիմնադրվել Հայաստանում

23.09.2009, 14:28
Արտաքին գործերի նախարարությանն առընթեր Դիվանագիտական դպրոց է հիմնադրվել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարության որոշման համաձայն, Երևանում արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց է հիմնադրվել։

Ինչպես հայտնեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, դպրոցի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հայ դիվանագետները վերապատրաստում են անցնում օտարերկրյա մասնագիտացված հաստատություններում։

«Ներկայում անհրաժեշտ է նման հաստատություն հիմնել Հայաստանում, ինչը մեզ հնարավորություն կընձեռի երկրում մասնագետների կանոնավոր պատրաստում և վերապատրաստում իրականացնել»,- ասաց փոխնախարարը։

Կիրակոսյանն ավելացրեց, որ Հայաստանի Դիվանագիտական դպրոցի ստեղծմանը կօժանդակեն ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորեց Դիվանագիտական դպրոցի ստեղծումը։ Կառավարության ղեկավարը հայտնեց, որ դպրոցի ստեղծումը կարևոր նախաձեռնություն է, որով հանդես է եկել երկրի Արտաքին գործերի նախարարությունը։

«Մեր դիվանագետները կկարողանան պատրաստվել և վերապատրաստում անցնել մեր երկրում»,- ասաց Սարգսյանը։

Հայաստանում Դիվանագիտական դպրոցի ստեղծման անհրաժեշտության մասին 2008 թվականի սեպտեմբերին խոսել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայ դեսպանների և դիվանագետների ժողովին, իսկ դպրոցի հիմնադրումը նախատեսված է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով։

Սկզբնական փուլում դպրոցը կտեղակայվի երկրի արտգործնախարարության շենքում։

1991 թվականին Հայաստանի անկախության հռչակման և հանրապետության ԱԳՆ ստեղծման պահից երկրում չի գործել դիվանագետների պատրաստման և վերապատրաստման մասնագիտացված հաստատություն։ -0-