ՀՀ խորհրդարանը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների խնդրի լուծմանը՝ երկրի պետական շահերին համապատասխան. ՀՀԿ
Հայաստանի բոլոր խորհրդարանական քաղաքական ուժերը կանեն այնպես, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը լուծվի Հայաստանի պետական և ազգային շահերին համապատասխան, ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Մեր կարծիքները կարող են տարբեր լինել, սակայն այս հարցի շուրջ մենք բոլորս պետք է անենք այնպես, որ Հայաստանն այս գործընթացից հաղթանակած դուրս գա», - երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Շարմազանովը:
Օգոստոսի 31-ի երեկոյան Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք տարվում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը վերաբերող «ներքաղաքական խորհրդատվությունների» սկզբի մասին: Քաղաքական խորհրդատվությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվի երկու արձանագրություն, որոնք կհանձնվեն երկու երկրի խորհրդարանների հաստատմանը:
Շարմազանովն ասաց, որ խորհրդարանական լսումներն անցկացվում են, որպեսզի քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները, որոնք պետք է մասնակցեն այդ լսումներին, կարողանան ներկայացնել սեփական դիրքորոշումները:
«Շատ հնարավոր է, որ լսումների ընթացքում ՀՀԿ-ի դիրքորոշումն ավելի համոզիչ հնչի և փոխի որոշ քաղաքական ուժերի կամ գործիչների դիրքորոշումը», - ասաց նա:
Միաժամանակ նա չբացառեց ՀՀԿ-ի դիրքորոշման փոփոխության հնարավորությունը, քանի որ այն ընկած է Ազգային անվտանգության ծրագրի հիմքում:
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմաններն առանց նախապայմանների», - ավելացրեց Շարմազանովը:
Նշելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներն ու բոլոր հանրապետականները համակարծիք են հայ-թուրքական արձանագրությունների շուրջ՝ Շարմազանովն ընդգծեց, որ այսօր այդ փաստաթղթերը ելնում են առանց նախապայմանենրի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տրամաբանությունից:
«Մեկ տարի առաջ Սարգսյանը սկսեց այս գործընթացը, և եթե նման քաղաքական կամք դրսևորի նաև թուրքական կողմը, ապա կարելի է հաջողություններ ակնկալել: Հակառակ դեպքում միջազգային հանրության կողմից Թուրքիայի վրա լուրջ ճնշում կգործադրվի, քանի որ արձանագրությունների նախաստորագրումն արդեն տեղի է ունեցել, և թուրքական կողմը հստակ արձանագրել է, որ հարցը պետք է շարժվի տեղից առանց նախապայմանների», - եզրափակեց խմբակցության քարտուղարը:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:
Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-