Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու հուսալի գործընկերն է. նախագահ Սարգսյան

16.09.2009, 16:47
Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու հուսալի գործընկերն է. նախագահ Սարգսյան
Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու հուսալի գործընկերն է. նախագահ Սարգսյան

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու հուսալի գործընկերն է, չորեքշաբթի ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ուլյանովսկի մարզի նահանգապետ Սերգեյ Մորոզովի հետ հանդիպման ժամանակ:

Մորոզովի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել Շիրակի մարզի հետ հաստատված փոխգործակցության շրջանակում:

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, հուսալի գործընկերը, և մենք շահագրգռված ենք բոլոր ուղղություններով մեր հարաբերությունների զարգացմամբ»,- նախագահ Սարգսյանի խոսքերը մեջբերեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
 
Երկրի ղեկավարը միջմարզային փոխգործակցությունը համարել է երկկողմ կապերի կարևոր բաղկացուցիչը:

«Պատահական չէ, որ ես սկսել եմ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ այցելությունների շարք: Նման այցերը մեծ ներուժ ունեն հայ-ռուսական տնտեսական կապերը խթանելու առումով, նաև լուրջ ազդակ են մեր հայրենակիցներին ոգևորելու և Հայաստանի հետ նրանց կապն ամրապնդելու համար»,- ընդգծել է նախագահը:

Հանրապետության նախագահը հատկապես կարևորել է Շիրակի մարզի հետ գործակցությունը և ընդգծել, որ մարզի զարգացումն առաջնահերթություն է նաև կառավարության համար:

Նշելով, որ դեռևս չի հաջողվել լիովին հաղթահարել 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքները, Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր օգնել են և այսօր էլ շարունակում են աջակցության ձեռք մեկնել:

Իր հերթին նահանգապետ Մորոզովը տեղեկացրել է, որ իր հետ Հայաստան են ժամանել երկրաշարժից անմիջապես հետո աղետյալներին օգնության շտապելիս ավիավթարի ենթարկված օդաչուների հարազատները: «Մենք երախտապարտ ենք ու զգացված զոհված օդաչուների հիշատակի նկատմամբ դրսևորվող վերաբերմունքից»,- ասաց Մորոզովը:

Խոսելով փոխգործակցության հեռանկարի մասին` կողմերն առաջնային են համարել տնտեսական առկա ներուժի համադրումը, մտքեր են փոխանակել գործակցության հնարավոր ուղղությունների, տարբեր ոլորտներ ընդգրկող կոնկրետ ծրագրերի շուրջ:

Նախագահ Սարգսյանը դրանց իրագործումը կարևոր է համարել նաև նոր աշխատատեղերի ստեղծման և մարզում զբաղվածության խնդրի լուծման տեսանկյունից:

Սերգեյ Մորոզովը նշել է, որ Ուլյանովսկի մարզում բնակվում են 15000 հայեր, և բարձր է գնահատել նրանց ներդրումը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, մշակութային կյանքի հարստացման գործում:

Նա ասել է, որ մտադիր են հաջորդ տարի մարզում կառուցել հայկական ազգային-մշակութային խոշոր կենտրոն, իրականացնել կրթական ծրագրեր:

Նահանգապետը հրավիրել է Հայաստանի նախագահին` այցելելու Ուլյանովսկի մարզ:-0-