Սիսիան քաղաքի մանկապարտեզի՝ թունավորման հետևանքով հոսպիտալացված սաների վիճակը կայուն է

11.09.2009, 17:22
Սիսիան քաղաքի մանկապարտեզի՝ թունավորման հետևանքով հոսպիտալացված սաների վիճակը կայուն է
Սիսիան քաղաքի մանկապարտեզի՝ թունավորման հետևանքով հոսպիտալացված սաների վիճակը կայուն է

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սիսիան քաղաքի մանկապարտեզի՝ թունավորման հետևանքով հոսպիտալացված սաների վիճակը կայուն է, ուրբաթ լրագրողներին հայտնեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

«Օպերատիվ կերպով ձեռնարկված միջոցառումներն ու Սիսիանի հիվանդանոցի բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմը թույլ տվեցին խուսափել թունավորման ծանր ու ծայրահեղ ծանր հետևանքներից»,- նշեց Ասոյանը:

Նա հայտնեց, որ անալիզների արդյունքում բոլոր երեխաների մոտ հայտնաբերվել է դիզենտերիա:

Նրա խոսքերով՝ 24 հոսպիտալացված երեխաներից 4-ի վիճակը գնահատվել է որպես ծայրահեղ ծանր, իսկ մնացածինը՝ որպես ծանր ու միջին ծանրության:   

«Սակայն ներկայումս մենք ուրախ ենք փաստել, որ բոլոր երեխաների վիճակը դեպի լավն է գնում, և վարակի առկայության երկրորդ բացասական անալիզից հետո բոլոր երեխաները հիվանդանոցից դուրս կգրվեն»,- հայտնեց նա: 

«Անցկացված տնային շրջայցերի արդյունքում, հոսպիտալացված 24 երեխաներից բացի, բացահայտվել են միևնույն մանկապարտեզի ևս 12 սաներ՝ միևնույն  ախտանիշներով, որոնց վիճակը թույլ է տվել բուժումն անցկացնել տնային պայմաններում»,- հայտնեց Ասոյանը:  

ՀՀ առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային  տեսչության պետ Արտավազդ Վանյանի խոսքերով՝ պրոֆիլակտիկայի և հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով կատարվել են տնային շրջայցեր, կատարվել է վարակի օջախի ախտահանում, մանկաբարտեզի բոլոր աշխատակիցներն անցել են մանրէաբանական հետազտություն, կատարվել է մանկապարտեզում եղած սննդի լաբորատոր հետազոտություն:  

«Սանիտարա-համաճարակաբանական ստուգման արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի սաների՝ սննդից զանգվածային թունավորման պատճառը մանկապարտեզում սննդի պահման, մշակման ու պատրաստման պայմանների կոպիտ խախտումն է եղել»,- ասաց Վանյանը:    

Նրա խոսքերով՝ խախտումներ են հայտնաբերվել նաև խանութում պարենամթերքի պահպանման պայմաններում, որտեղից մանկապարտեզը սննդամերթ է գնել:  

Ինչպես հայտնեց Վանյանը, հակահամաճարակային տեսչությունն ստուգել է վարակի տարածման բոլոր հնարավոր աղբյուրները, ստուգվել են մանկապարտեզի ու խանութի բոլոր 15 աշխատակիցները, սակայն ստուգման արդյունքները բացասական են եղել:

Վանյանը բացառեց նաև այն հնարավորությունը, որ վարակի տարածման աղբյուրը ջուրն է:

Ներկայումս, Վանյանի խոսքերով, մանկապարտեզի գործունեությունը դադարեցված է մինչև թույլ տված թերությունների լիարժեք վերացումը: -0-