Ռուսական խոսքի օրերն են բացվում Հայաստանում

09.09.2009, 16:24
Ռուսական խոսքի օրերն են բացվում Հայաստանում

Ռուսական խոսքի ամենամյա օրերի բացումը Հայաստանում տեղի կունենա չորեքշաբթի ժամը 19։00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, լրագրողներին  հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը։ 

«Ռուսական խոսքի օրերը վերջին երեք տարիներին Հայաստանում անցկացվող խոշոր միջոցառումներից է, որն ամրապնդում է երկու ժողովուրդների բարեկամական կապը, և ես ուրախ եմ, որ այս տարի այդ օրերը նվիրված են Երիտասարդութայն տարվան՝ որպես մեր ժողովուրդների լուսավոր ապագայի»,- ասաց Կրիվոպուսկովը։

Ռուսական խոսքի օրերը Հայաստանում անցկացվում են 2007 թվականից Հայաստանի մշակույթի նախարարության և Հայաստանի հետ բարեկամության  և համագործակցության Ռուսաստանյան միության (РОДСА) օժանդակությամբ և համագործակցությամբ։

2009 թվականին Ռուսական խոսքի օրերը Հայաստանում կանցկացվեն սեպտեմբերի 9-15-ը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Հայաստանի մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանի խոսքերով՝ Հայաստանում ռուսական օրերի շրջանակներում անցկացվող միջացառումները դրական են նրանով, որ դրանք հնարավորություն են ստեղծում հայ երիտասարդության համար ամրապնդել մշակութային կապերն իրենց հասակակիցների հետ՝ համատեղ ստեղծելով նոր մշակութային գործեր։

«Ռուսական խոսքն իր մեջ ներառում է ռուսական մշակույթը, որը միշտ հետաքրքիր է հայ ընթերցողին, հայ երիտասարդությանը, և ես հույս ունեմ, որ տվայլ միջոցառումն ավելի կամրապնդի երկու ժողովուրդների մշակութային կապերը»,- նշեց Մուրադյանը։

Հայ երիտասարդության հետ հանդիպումներին կմասնակցեն ռուսական խոսքի վարպետներ՝ բանաստեղծներ և գրողներ, լրագրողներ, ռուսաց լեզվի ուսուցիչներ, կինոյի, թատրոնի և երգարվեստի գործիչներ, թարգմանիչներ, հրատարակիչներ։

Հատուկ այս օրերի կապակցությամբ Հայաստանի Գրողների միության  հետ համատեղ հրատարակվում է «Յունոստ» («Պատանեկություն») ամսագրի «Ռուսական խոսքը Հայաստանում» թեմատիկ համարը, որը կազմված կլինի ռուս և հայ երիտասարդ գրողների և բանաստեղծների ստեղծագործություններից։

Ծրագրային միջոցառումները Երևանում կանցկացվեն Գ.Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում, Հր.Ղափլանյանի Երևանի դրամատիկական թատրոնում, Երևանի կամերային թատրոնում և Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում, Մոսկվայի Տանը, Գիտության և մշակույթի Ռուսաստանյան կենտրոնում։ -0-