Հայաստանը և Խորվաթիան պետք է առավել սերտ համագործակցեն եվրոպական կառույցների շրջանակներում. Սերժ Սարգսյան

09.09.2009, 13:31
Հայաստանը և Խորվաթիան պետք է առավել սերտ համագործակցեն եվրոպական կառույցների շրջանակներում. Սերժ Սարգսյան
Հայաստանը և Խորվաթիան պետք է առավել սերտ համագործակցեն եվրոպական կառույցների շրջանակներում. Սերժ Սարգսյան

Հայաստանին և Խորվաթիային անհրաժեշտ է  առավել սերտ համագործակցել եվրակառույցների շրջանակներում, հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայ-խորվաթական բիզնես-ֆորումի ժամանակ։

«Նկատի առնելով, որ մեր երկու պետությունները որդեգրել են Եվրոպական ինտեգրման ուղին, ինչպես նաև այն, որ Եվրամիությունը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է, անհրաժեշտ եմ համարում մեր առավել սերտ համագործակցությունը եվրակառույցների շրջանակներում: Համոզված եմ` արդյունավետ համագործակցելով Հայաստանի և Եվրամիության միջև ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում, մեր տնտեսություններն ու շուկաները էլ ավելի կմոտենան իրար և կնպաստեն առևտրաշրջանառության էական աճին»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Սարգսյանի խոսքերը մեջբերեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-8-ը երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Խորվաթիայում։ 

Ինչպես նշեց երկրի ղեկավարը, Հայաստանը և Խորվաթիան պայմանավորվեցին ջանք չխնայել երկու ժողովուրդների միջև փոխշահավետ կապերի ստեղծման և զարգացման վերաբերյալ:

Դրա համար. ըստ նախագահի, անհրաժեշտ է երկու նախապայման` իրավապայմանագրային դաշտի ստեղծում և երկու երկրների գործարար շրջանակների անմիջական շփումների զարգացում:

Ինչ վերաբերում է առաջին նախապայմանին, ապա Սարգսյանը հիշեցրեց, որ  նախագահ Մեսիչի` Հայաստան կատարած այցելության ընթացքում ստորագրվեց եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը:

Երկու կողմերն, ինչպես նշեց ՀՀ նախագահը, քայլեր են ձեռնարկում առևտրատնտեսական կապերի հաստատման և ամրապնդման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի հետագա համալրման ուղղությամբ` առևտրատնտեսական բնագավառում բազմաբնույթ համագործակցություն ծավալելու և գործարարների միջև համագործակցությունն էլ ավելի դյուրացնելու նպատակով:

Գործարար շրջանակների անմիջական շփումների  համար, ինչպես համոզված է  նախագահը, գործարար համաժողովը լավագույն հարթակն է: Նրա կարծիքով՝ նման հանդիպումները և շփումները որոշակի հիմք են ապահովում և ուղղորդում հետագա առևտրատնտեսական համագործակցությունը և լավ հնարավորություն են ընձեռում գտնել համագործակցության ուղիներ, այդ թվում` նաև նոր ոլորտներ:

«Այս համաժողովը Հայաստանի և Խորվաթիայի գործարարների մասնակցությամբ առաջին համատեղ համաժողովն է: Համաժողովը լավ հնարավորություն է ստեղծում մեր երկու պետությունների գործարարների համար` կապեր հաստատելու և հետագա համագործակցության ուրվագծերը նախանշելու համար: Կարևոր է նաև, որ համաժողովը տեղի է ունենում գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, որն առավել մեծացնում է նրա հնարավոր արդյունքների նշանակությունը»,- ասաց երկրի ղեկավարը։

Սարգսյանը նաև կարծիք հայտնեց , որ նման համաժողովների պարբերաբար կազմակերպումն էապես կնպաստի Հայաստանի և Խորվաթիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը և տնտեսական օղակների միջև փոխշահավետ համագործակցության հաստատմանը: -0-