Գորիս քաղաքի բնակչուհի Անուշ Ղազարյանը կասկածվում է Իրանից թմրանյութերի ապօրինի ներկրման մեջ, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ կինը Ոստիկանության բաժանմունք է տեղափոխվել հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրի մաքսակետից: Նրա մոտից առգրավվել է շուրջ 460 գրամ ափիոն տեսակի թմրանյութ:
Քննության տվյալների համաձայն՝ Ղազարյանը ձեռք է բերել թմրանյութը Իրանից 1500 ԱՄՆ դոլարով, որը պետք է փոխանցեր Գորիսի բնակիչ, բազմաթիվ անգամ դատապարտված Լևոն Բախտագուլյանին և դրա դիմաց ստանար 500 դոլար:
Ղազարյանն ու Բախտագուլյանը ձերբակալված են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննությունը վարում է ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային քննչական բաժինը:-0-