Հայաստանի հարավում գտնվող մանկապարտեզներից մեկի ավելի քան քսան երեխա հոսպիտալացվել է աղիքային ինֆեկցիայի ախտանիշներով, ասվում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:
«Սեպտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն հաղորդագրություն է ստացվել առ այն, որ Սիսիանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել թիվ 4 մանկապարտեզի 7 երեխա` աղիքային երևույթներով», - ասվում է տեղեկատվության մեջ:
Ահազանը ստանալուն պես նախարարի ղեկավարությամբ կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի և ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի այցը Սիսիան:
Սիսիանի թիվ 4 մանկապարտեզում նախնական ախտորոշմամբ արձանագրվել է սննդային տոքսիկոինֆեկցիա: Անմիջապես ձեռնարկվել են հակահամաճարակային մի շարք միջոցառումներ (հիվանդների վաղ հայտնաբերման և հիվանդությունը կանխելու նպատակով իրականացվել են բակային համայցեր, կատարվել է օջախների ախտահանում, մանկապարտեզի ողջ անձնակազմը ենթարկվել է մանրէաբանական հետազոտության, ինչպես նաև մանկապարտեզում եղած սննդամթերքի լաբորատոր քննություն):
Ժամանակավորապես դադարեցվել է մանկապարտեզի գործունեությունը, հիվանդության նշաններ ունեցողները հոսպիտալացվել են, նրանց թիվը հասել է 25-ի:
«Հոսպիտալացված հիվանդներից վերցված նմուշների մանրէաբանական հետազոտության արդյունքում 3-ի մոտ անջատվել է դիզենտերիայի հարուցիչ շիգելա զոննե, ինչը վկայում է, որ հիվանդության առաջացման պատճառը սննդային գործոնն է», - նշեցին մամուլի ծառայությունից:
Նախնական տվյալներով՝ հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում: Հիվանդանոցն ապահովված է մասնագետներով, անհրաժեշտ դեղերով և ախտահանիչ նյութերով:
Աշխատանքների ողջ ընթացքը վերահսկվում է առողջապահության նախարարության կողմից:-0-