Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիական ծառայությունների ղեկավարների միջև համագործակցության հուշագիր է կնքվել

07.09.2009, 15:46
Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիական ծառայությունների ղեկավարների միջև համագործակցության հուշագիր է կնքվել

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Քաղծառայության խորհրդի և Ուկրաինայի քաղաքացիական ծառայության գլխավոր վարչության ղեկավարների միջև համագործակցության հուշագիր է կնքվել:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Քաղծառայության խորհրդի մամուլի ծառայությունից, հուշագիրը կնքվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի և Ուկրաինայի քաղաքացիական ծառայության գլխավոր վարչության պետ Տիմոֆեյ Մոտրենկոյի միջև՝ սեպտեմբերի 2-5-ը Բադալյանի գլխավորած պատվիրակության Ուկրաինա կատարած այցի ժամանակ:  

«Փաստաթուղթը հնարավորություն է ստեղծում համապատասխան մեխանիզմներ մշակել ամրապնդելու և զարգացնելու համար պետական ծառայության բնագավառում երկու կողմերի ինստիտուցիոնալ համակարգերը, զարգացնել պետական ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու կառավարչական հմտությունները Եվրոպական ինտեգրման գործընթացում, քաղաքացիական ծառայության բնագավառում իրականացնել կրթական և ուսումնական ծրագրեր և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այցի ընթացքում  համագործակցության փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Ուկրաինայի քաղաքացիական ծառայության գլխավոր վարչության  միջև, ուկրաինական կողմի հետ քննարկվեցին երկկողմ համագործակցության աշխատանքային ծրագրեր։

Ուկրաինայի քաղաքացիական ծառայության գլխավոր վարչության պետի, աշխատակազմի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման տարեկան աշխատանքային ծրագրեր կազմելուն, մարդկային ռեսուրսների զարգացման բնագավառում համատեղ ծրագրերի իրականացմանը, փորձի փոխանակման հնարավոր եղանակներին և մեխանիզմներին վերաբերող հարցեր:

Համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում ուկրաինական պատվիրակության այց կազմակերպել Հայաստան` համագործակցության կոնկրետ աշխատանքային ծրագրեր ստորագրելու համար:

Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է նաև  «Քաղաքացիական ծառայության քաղաքական չեզոքությունը, տեսականից` իրականություն» համաժողովի աշխատանքներին:

«Քաղաքացիական ծառայության քաղաքական չեզոքությունը, տեսականից` իրականություն» համաժողովի աշխատանքների ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև համաժողովի մասնակից պատվիրակների հետ, որոնց հետ քննարկվել են համագործակցության հնարավոր տարբերակներ: --0--