Մադրիդյան սկզբունքները վտանգավոր են Հայաստանի համար. փորձագետ

04.09.2009, 16:09
Մադրիդյան սկզբունքները վտանգավոր են Հայաստանի համար. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մադրիդյան սկզբունքները վտանգ են ներկայացնում Հայաստանի համար, կարծում է հայ փորձագետ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը։

Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին վերջերս հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Երևանին և Բաքվին կներկայացվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին առաջարկությունների տարբերակը:

Հայտարարության մեջ նախագահները հանձնարարել են իրենց միջնորդներին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի 29-ի մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների հիմնական սկզբունքների ձևակերպումների վերաբերյալ վերջին առաջարկությունները:

Զուգահեռ հրապարակեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները։ Այդ սկզբունքների թվում են, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը՝ ազատ կամարտահայտության միջոցով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը, անվտանգության երաշխիքների տրամադրումը, վերահսկվող տարածքներից զորքի դուրսբերումը:

«Մադրիդյան սկզբունքներում նորությունն այն է, որ առաջին անգամ միջնորդների կողմից առաջարկած փաստաթղթում չկա դրույթ տարածքային ամբողջականության վերաբերյալ»,- ուրբաթ ասաց Մանասյանը։

Նրա խոսքերով, դա չի նշանակում, որ մադրիդյան սկզբունքները վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար։

Նա նշեց, որ հայկական դիվանագիտության խնդիրն է անել այնպես, որպեսզի հետագայում դրույթների ոչ միանշանակ մեկնաբանումը մեկնաբանվի Հայաստանի օգտին։

«Գոյություն չունի որևէ իրավական փաստաթուղթ, որի համաձայն Բաքուն կարողանա հիմնավորել իր հավակնությունները Ղարաբաղի նկատմամբ։ Սա գլխավոր դրույթն է»,- ասաց նա։       

Նա նշեց, որ գործընթացի ներկա փուլում արդյունքները կախված կլինեն հայ քաղաքական գործիչների դիվանագիտական վարպետությունից։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-