Ռուսաստանցի լրագրողներին Վրաստան մուտք գործելու արգելքն ուղղված է Կովկասում խաղաղ երկխոսության ձախողմանը. Շևչենկո

Ռուսաստանցի լրագրողներին Վրաստան մուտք գործելու արգելքն ուղղված է Կովկասում խաղաղ երկխոսության ձախողմանը, կարծում է Առաջին ալիքի հաղորդավար, ՌԴ Հանրային պալատի անդամ Մաքսիմ Շևչենկոն, ում «Իզվեստիա» թերթի խմբագիր Վլադիմիր Մամոնտովի հետ վրացի սահմանապահները թույլ չեն տվել մուտք գործել հանրապետություն։
«Իրական առիթը այդ երկխոսությունը ձախողելու ցանկությունն է եղել։ Թույլ չտալ խաղաղ երկխոսության զարգացումը Կովկասում»,- ասաց Շևչենկոն «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
Շևչենկոն, Մամոնտովն, ինչպես նաև ՌԻԱ Նովոստիի՝ ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևն ընդգրկված էին վրաց-ռուսական հակամարտության մարդասիրական հետևանքների կարգավորման հասարակական հանձնաժողովը ներկայացնող պատվիրակության կազմում։ Պատվիրակության այցի շրջանակներում նախատեսվում էր խորհրդաժողովի, ինչպես նաև բազմաթիվ հանդիպումների անցկացում, այդ թվում՝ Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ։
Ալան Կասաևին, ի տարբերություն իր գործընկերների, վրացական իշխանությունները թույլ տվեցին մտնել երկիր։ Պատվիրակությունը Վրաստան ժամանեց տարանցիկ ճանապարհով Երևանից, քանի որ ուղիղ ավիահաղորդակցություն Մոսկվայի և Թբիլիսիի միջև չկա։ Շևչենկոն և Մամոնտովը «Արմավիա» ավիաընկերության նույն չվերթով վերադարձան Հայաստանի մայրաքաղաք։
ԱՅՑԸ ՏԱՊԱԼԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՌՃԱԿԱՏՄԱՄԲ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՈՒԺԵՐԸ
Շևչենկոյի խոսքերով, այցը ձախողել են այն ուժերը, որոնց շահագրգռում է Կովկասում պատերազմ և առճակատում հրահրելը։ «Այդ ուժերը շատ հեշտությամբ կարելի է նույնացնել։ Կան պետություններ... Ինչ մեղքս թաքցնեմ, դրանով վաղուց զբաղվում էր ԱՄՆ դեսպանությունը»,- ասաց Շևչենկոն։
Ըստ նրա, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի վերջին այցը դեպի Վրաստան ցույց տվեց, որ «ամերիկացիները շեշտադրում են անում առճակատման վրա»։ «Նրանց պետք է բոցավառվող, մարտնչող, մեռնող Կովկաս։ Մեզ պետք է խաղաղ Կովկաս»,- նշեց ռուս հայտնի լրագրողը։
Նա նշեց, որ այդ խաղաղ Կովկասում իրենց խնդիրները պետք է լուծեն այդ տարածաշրաջնում ապրող ժողովուրդները՝ հարևան պետությունների՝ Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, ինչպես նաև ԵՄ օժանդակությամբ։
«Ամերիկյան նեոգաղութականության խամաճիկները ձախողեցին այդ բանակցությունները, որոնք նրանց համար կոկորդին դրված դանակ էին նման։ Գաղտնիք չէ, որ գոյություն ունեն Վրաց Ուղղափառ Եկեղեցին, Պատրիարքին ատող քաղաքական ուժեր, որոնք վերաբերվում են նրանց որպես խոչընդոտի՝ Վրաստանի ազատականացման գործընթացի իրականացման և Վրաստանն ազատականացված միությունում ներգրավելու ճանապարհին»,- կարծում է Շևչենկոն։
Նա նշեց, որ զարմացած է տեղի ունեցածից, և առաջին հերթին այն պատճառով, որ այցի ընթացքում նախատեսված է եղել հանդիպում Սրբազնագույն Պատրիարքի հետ։
ՎՐԱՑԻ ՍԻՐԱԼԻՐ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ԵՎ ՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ
Շևչենկոն պատմեց միջադեպի որոշ մանրամասներ։ «Մենք ժամանեցինք Թբիլիսի, և երբ հատում էինք սահմանը, մեզ մոտեցավ մի սահմանապահ, անձայն վերցրեց փաստաթղթերը, անկետան, մի կողմ տարավ և շշուկով ասաց. «Պարոն Շևչենկո, համաձայն մուտքի և ելքի օրենքի 14-րդ հոդվածի, ձեզ արգելվում է մուտք գործել Վրաստան»»։
Թե դա ի՞նչ օրենք է, սահամանպահն ասել չկարողացավ և խորհորդ տվեց բոլոր մեկնաբանություններով դիմել Մոսկվայում Վրաստանի դեսպանություն, ինչից հետո տեղեկացավ ռուս լրագրողներից, որ վրացական դեսպանությունը Ռուսաստանի մայրաքաղաքում չի գործում։
«Օրենքի վերաբերյալ ես հարցրեցի ոստիկանության ևս երք սպայի։ Նրանք իրենց շատ կոռեկտ էին պահում, շատ անհարմար էին զգում իրենց, երևում էր, որ իրենց համար նույնպես տհաճ իրավիճակ է։ Տարօրինակ է՝ կապիտանի կամ մայորի աստիճան ունեցող մարդը չգիտի իր երկրի օրենքները։ Նրանց, հավանաբար, արգելվել էր ցանկացած շփում, թեև նրանք ժպտում էին։ Դա նման է վրաց ժողովրդի ոճին՝ հյուրասեր, խելացի։ Կարելի է ասել, որ միևնույն է, շփվեցինք վրաց ժողովրդի հետ ի դեմս վրաց սահմանապահների»,- կատակեց Շևչենկոն։
ԱՐԳԵԼՔԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ
Շևչենկոյի խոսքերով, ամբողջ պատահածը մեծ աղմկահարույց պատմություն է։ Վրացական ԶԼՄ-ներն արդեն գրում են երեք պատճառի մասին, որոնք կարող էին հիմք ծառայել Վրաստան մուտք գործելն արգելելու համար։
Առաջին պատճառն իբր լրագրողների անձնագրերում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կնիքների առկայությունն է:
«Վլադիմիր Կոնստանտինովիչը (Մամոնտով) ոչ մի անգամ չի եղել ոչ Աբխազիայի, ոչ էլ Հարավային Օսեթիայի տարածքում։ Նա չէր կարող կնիք ունենալ, եթե նույնիսկ ցանկանար։ Նման բան հնարավոր կլիներ, եթե որևէ մեկը գողանար անձնագիրն ու կնիք դներ»,- նշեց լրագրողը։
Միաժամանակ Շևչենկոն չի թաքցնում, որ ինքը եղել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքում, սակայն անձնագրում կնիք չունի։ «Ես Հանրային պալատի անդամ եմ։ Ես շատ բարդ երկխոսություն եմ տանում Բաքվի, Ստեփանակերտի և Երևանի միջև, և ստիպված եմ թե Բաքվում, թե Ստեփանակերտում, թե Երևանում հսկայական լարվածության դիմանալ, քանի որ յուրաքանչյուրն իր քաղաքական դիրքորոշումն ունի։ Բայց և Բաքվում, և Ստեփանակերտում, թեև շատ դժվարությամբ, բայց ըմբռնումով են մոտենում նման երկխոսության կարևորությանը»,- ասաց Շևչենկոն։
«Նմանատիպ երկխոսություն էլ մենք փորձում ենք կազմակերպել Մոսկվայի, Թբիլիսիի, Սուխումի և Ցխինվալի միջև։ Շատ դժվար էր առաջ գնում գործը, բայց առաջընթաց կար, նախորդ տարվա դեկտեմբերին մենք Մոսկվայում Հանրային պալատում ընդունեցինք վրացական պատվիրակությանը։ Դա շատ ծանր ժամանակ էր, հեշտ չէր, բայց ռուսական իշխանությունները համաձայնություն տվեցին այդ պատվիրակության այցին, որի կազմում էին հայտնի իրավապաշտպաններ, Ռուսաստանի նկատմամբ ոչ կոմպլեմենտար մարդիկ։ Մոսկվայում շատ բարդ երկխոսություն տեղի ունեցավ, բայց այն տեղի ունեցավ»,- նշեց Շևչենկոն։
Որպես երկրորդ պատճառ, որով փորձում են արդարացնել վրացական իշխանությունների երեկվա դեմարշը, նշում են հակավրացական քարոզչությունը, որն իբր անցկացվում է լրագրողների կողմից։
«Դա ամբողջությամբ կեղծիք է։ Ես դատապարտել եմ Վրաստանի նախագահի գործունեությունն այնպես, ինչպես դա անում են Վրաստանի քաղաքացիները և անում են ավելի կոշտ, քան ես։ Ես երբևէ վատ չեմ արտահայտվել Վրաստանի և վրաց ժողովրդի մասին, հակառակը, ես միշտ ասել եմ, որ խաղաղություն և երկխոսություն է անհրաժեշտ, որ պետք է դրվի փախստականների խնդիրը, ինչով երբեմն առաջ եմ բերել աբխազացի և օս գործընկերների զայրույթը»,- ասաց Շևչենկոն։
«Իզվեստիա» թերթի գլխավոր խմբագիրն իր հերթին նշեց, որ պարբերականը ոչ միայն հարցազրույց է վերցնում վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչներից։ Ներկայացված է նաև Վրաստանի քաղաքական վերնախավի այն հատվածը, որն այժմ իշխանության ղեկին է։ «Բայց, իհարկե, Սահակաշվիլին մեզ հարցազրույց չի տվել։ Եթե նա մեզ հարցազրույց տար, ապա մենք այն կհրապարկեինք, հնարավոր է, մեկնաբանություններով, կամ էլ որևէ այլ կերպ»,- ասաց Մամոնտովը։
«Ինչ վերաբերում է ինձ, ապա ես կարծում եմ, որ օգոստոսյան պատերազմը ծավալել է, անկասկած, վրացական ղեկավարությունը։ Ես դա երբևէ չեմ թաքցրել, և եթե անկեղծ լինեմ, արտահայտվել եմ Վրաստանի նախագահի հասցեին ոչ հաճելի կերպով։ Դա եղել է և Բեռլինում մեծ հանդիպմանը, որտեղ մենք շփվում էինք գերմանական հասարակայնության հետ։ Վերջերս ես մեկնել էի Տալին և այնտեղ հանդիպում անցկացրել տեղեկատվական պատերազմների հարցով հասարակայնության հետ, և այդ ժամանակ ես կրկին չեմ լռել, ուղիղ ասեմ, արտահայտել եմ այն, ինչ մտածել եմ։ Ես դրանում համոզված եմ, և փոխել կարծիքս հատուկ Վրաստանի հանդեպ այս այցից հետո չեմ պատրաստվում»,- ասաց թերթի գլխավոր խմբագիրը, միաժամանակ նշելով, որ Սահակաշվիլին և վրացական մշակույթն իր համար միանշանակ տարբեր հասկացություններ են։
«Մեզ համար շատ կարևոր էր Պատրիարքի օրհնությունը։ Ինքնաթիռում մենք քննարկում էինք մեր հանդիպումների բացարձակապես խաղաղ բնույթը։ Առճակատումն, ըստ իս, պատերազմով և հետպատերազմյան զարգացումներով սպառվել է։ Պնդել անընդհատ նույնը, թե մենք առճակատման մեջ ենք...ինչքան կարելի է։ Քաղաքական գործիչները թող շարունակեն, իսկ մենք ինչու՞ պետք է շարունակենք»,- ասաց Մամոնտովը։
Այս կապակցութոյամբ Մաքսիմ Շևչենկոն օրինակ բերեց հայ և թուրք ժողովուրդներին, որոնց միջև մի մեծ պատմական անհանդուրժողականություն կա, բայց նրանք սկսել են պատմական երկխոսություն՝ քայլ անելով պատմական վիրավորանքի և խնդիրների վրայով։ Նրա խոսքերով, շատ բարդ, ժանր երկխոսություն են վարում ադրբեջանցի և հայ ժողովուրդները։ Շևչենկոն ընդգծեց, որ նման երկխոսություն է անհրաժեշտ նաև Վրաստանի դեպքում։
Նա նշեց, որ նրանց այցն օրհնեց վրաց Պատրիարքը, ով աղոթում էր առաքելության հաջողության համար, և ավելին, նաև նրանց սրբապատկերներ փոխանցեց։ Շևչենկոյի կարծիքով, դա այցի շատ կարևոր արդյունք է, որովհետև մարդն, ով խորհրդանշում է շատ հարցերում վրացական պահպանողական մոտեցումը կյանքի նկատմամբ, վրացական ուղղափառությունը, այսինքն վրաց ազգը, հանդես է գալիս բանակցությունների օգտին, իսկ ազատականցման խեղդող քամին խորհրդանշող ուժերը, որոնք ցանկանում են փոխել Վրաստանի դեմքը, դիմակայում են այդ գործընթացին։
«Ես ուղղափառ մարդ եմ, և ինձ համար շատ ուրախալի է, որ մենք, այնուամենայնիվ, ստացանք օրհնությունը, թող որ՝ ոչ անձամբ»,- իր հերթին ասաց Մամոնտովը։
Եվ վերջապես արգելքի երրորդ քննարկվող պատճառը լրագրողների իբր մտերմիկ հարաբերությունն է վրացական ծագում ունեցաղ ռուսաստանցի գործարար Ալեքսանդր Էբրալիձեի հետ, ով որոշ քաղաքական հավակնություններ ունի Վրաստանում։ Շևչենկոյի խոսքերով, Մամոնտովը երբեք չի տեսել Էբրալիձեին, իսկ ինքը նրա հետ շփվել է ընդամենը 20 վայրկյան։
Երկիր մուտք գործելու արգելքն արդարացնող բոլոր փաստարկները, որոնք բերվում են Վրաստանում, լրագրողները բացարձակապես մտացածին անվանեցին։ -0-