Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հայտարարությամբ։
Ինչպես նշվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ, ՀԱԿ-ը հայտարարում է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների և ժողովուրդների, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության շահերից։
Օգոստոսի 31-ի երեկոյան Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք տարվում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը վերաբերող «ներքաղաքական խորհրդատվությունների» սկզբի մասին: Քաղաքական խորհրդատվությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվի երկու արձանագրություն, որոնք կհանձնվեն երկու երկրի խորհրդարանների հաստատմանը:
«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ»,- ասվում է ՀԱԿ հայտարարությունում։
Միաժամանակ Կոնգրեսն անընդունելի է համարում հայ և թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։
«Մտահոգություն է հարուցում երկու երկրների խորհրդարանների կողմից նշված փաստաթղթերի վավերացման պայմանը, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կիսել խորհրդարանի հետ, իսկ Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ, ձգձգել վավերացման հարցը և դրանով հետաձգել հայ–թուրքական սահմանի բացումը»,- ասվում է ՀԱԿ հայտարարությունում։
Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-