Ղարաբաղյան հակամարտության հիմնական կողմերն են ինքնորոշված ԼՂՀ-ն և Ադրբեջանը. ՀՀ ԱԳ փոխնախարար

25.08.2009, 13:37
Ղարաբաղյան հակամարտության հիմնական կողմերն են ինքնորոշված ԼՂՀ-ն և Ադրբեջանը. ՀՀ ԱԳ փոխնախարար

Ղարաբաղյան հակամարտության հիմնական կողմերն են ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Երկու հիմնական կողմերն են ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանը, որը փորձում էր ուժի կիրառմամբ լուծել ինքնորոշված ժողովրդի խնդիրը: Հակամարտության մեջ ներգրավված երրորդ կողմը Հայաստանի Հանարպետությունն է», - ասել է Քոչարյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը մշտապես փորձում է ներկայացնել ղարաբաղյան խնդիրը որպես հակամարտություն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև:

«Սակայն խնդրի հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման կայացած փաստը, իսկ հակամարտությունը ծագել է Ադրբեջանի ուժային քաղաքականության պատճառով, որը հենց սկզբից է ուժային եղել: Դա հայկական բնակչության ջարդերն են Ադրբեջանի, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի բոլոր տարածքներում: Դա Լեռնային Ղարաբաղի և նրա մոտակայքի հայաբնակ վայրերի էթնիկ զտումներն են: Եվ վերջապես, դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սկսված լայնամասշտաբ պատերազմն է՝ գրոհայինների, Թալիբանի մոջահեդների ներգրավմամբ, և հավանաբար բոլորին հայտնի է, որ այնտեղ ժամանակին իր առաջին մարտական մկրտությունն է ստացել Շամիլ Բասաևը», - ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-