ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Empyray ճանաչված հայկական ռոք-խմբի ակումբային համերգը տեղի կունենա ուրբաթ երևանյան «32» ակումբում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը։
«Համերգին կհնչեն մեր խմբի բոլոր հայտնի ստեղծագործությունները։ Ի տարբերություն մեծ համերգասրահներում տեղի ունեցող համերգների՝ ակումբում ավելի ջերմ ու անմիջական շփում կապահովվի հանդիսատեսի հետ»,- ասաց Մանուկյանը։
1993 թվականին Սարգիս Մանուկյանի և Կարեն Արզումանյանի կողմից ստեղծված Empyray խումբը լայն ճանաչում գտավ 2005 թվականին։ 2006 թվականին խումբը թողարկեց 13 երգ ընդգրկող իր առաջին ալբոմը։ Նույն թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ այն ճանաչվեց Հայաստանի լավագույն ռոք-խումբ։
Մանուկյանի խոսքերով՝ Empyray խումբն այնքան էլ չի սիրում ակումբային համերգներ ունենալ, քանի որ, դժբախտաբար, հայկական ակումբների մեծամասնությունը չունի համերգներ անցկացնելու համար ամենատարրական պայմանները։
«Չնայած դրան՝ ես կարծում եմ, որ ակումբային երաշժտությունը յուրահատուկ ցատկահարթակ է սկսնակ խմբերի համար։ Սա «32» ակումբի հետ համագործակցության մեր առաջին փորձն է ակումբային երաժշտության առումով, և ես կարծում եմ՝ այն շատ հաջողված կլինի»,- ասաց նա։
Մանուկյանն ավելացրեց նաև, որ հավատում է, որ մոտ ապագայում Հայաստանում ավելի մեծ թվով պրոֆեսիոնալ ակումբներ կլինեն։
Իր հերթին «32 ատամ» ակումբի գեղարվեստական ղեկավար Վահագն Գրիգորյանը նշեց, որ իրենք նպատակ ունեն ավելի պրոֆեսիոնալ դարձնել ակումբային երաժշտությունը Հայաստանում։
Համերգի կազմակերպիչը «32 ատամ» ակումբն է։ -0-