ՎՏԲ Հայաստան Բանկի մասնաճյուղը կողոպտելու մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացիները կասկածվում են ևս երկու հանցագործություն կատարելու մեջ

27.07.2009, 17:44
ՎՏԲ Հայաստան Բանկի մասնաճյուղը կողոպտելու մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացիները կասկածվում են ևս երկու հանցագործություն կատարելու մեջ
ՎՏԲ Հայաստան Բանկի մասնաճյուղը կողոպտելու մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացիները կասկածվում են ևս երկու հանցագործություն կատարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը Վրաստանի քաղաքացիներին, ովքեր մեղադրվում են ՎՏԲ Հայաստան Բանկի մասնաճյուղերից մեկի վրա ավազակային հարձակում կատարելու մեջ, կասկածում է մայրաքաղաքում ևս երկու հանցագործություն կատարելու մեջ, ասվում է Հայաստանի Ոստիկանության օպերատիվ ամփոփագրում։

«Հուլիսի 5-ին առավոտյան Երևանի բնակչուհի 40-ամյա Նազիկ Բ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 05.40-ին իր բջջային հեռախոսահամարին բնակարանի անվտանգության համակարգից զանգ է ստացվել, և երբ վերադարձել է տուն, նկատել է, որ մուտքի դռան փականը կոտրված է, դուռը կիսաբաց վիճակում է, սակայն բնակարանը ստուգելուց հետո պարզել է, որ ոչինչ չեն գողացել»,- ասվում է ամփոփագրում։

Հուլիսի 21-ի առավոտյան թալանվել է Երևանի բնակչուհի Վիկտորիա Լ.-ի բնակարանը։

«Հետագայում, հուլիսի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել են հուլիսի 22-ին Բաղրամյան պողոտայում գտնվող «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարելու համար հաջորդ օրը հայտնաբերված և ձերբակալված Դավիթ Աբուլաձեն, Ռևազ Գուլբատաշվիլին, Թինատին Դավիթաշվիլին և Գելա Աբուլաձեն: Գողոնը մասամբ առգրավված է»,- ասվում է հաղորդագրությունում։

ՎՏԲ Հայաստան Բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղը թալանվել էր հուլիսի 22-ին: Այն ժամանակ դիմակավորված և զինված երեք անհայտ անձինք մուտք են գործել նշված մասնաճյուղ, դանակի սպառնալիքով ծեծի ենթարկել կառավարիչ, 55-ամյա Սեդա Հ.-ին և հափշտակելով 3 միլիոն 900.000 դրամ, 3 040 դոլար, 420 եվրո, 18 000 ռուբլի` դիմել են փախուստի:

Արդեն հաջորդ օրը Հայաստանի Ոստիկանությունը ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալեց Վրաստանի չորս քաղաքացիների՝ 38-ամյա Ռևազ Գուլբաթաշվիլիին, 37-ամյա Թինատին Դավիթաշվիլիին, 33-ամյա զարմիկներ Դավիթ և Գելա Աբուլաձեներին։

Անձնական քննության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվեց և առգրավվեց ընդհանուր առմամբ 3,8 հազար ԱՄՆ դոլար և 6 հազար ռուսական ռուբլի, սպորտային հագուստ, կնոջ կեղծամ, գլխարկներ, պայուսակներ, սև ակնոցներ, փակվող դանակ, ոգելից խմիչքներ և այլ առարկաներ։ Հետագայում ձերբակալվածները ընդունեցին ՎՏԲ Հայաստան բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարելու իրենց մեղքը։

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն (մինչև 2006 թ.-ի հունիսի 20-ը՝ «Հայխնայբանկ» ՓԲԸ) դարձել է ՎՏԲ խմբի մասնակից 2004 թ.-ի ապրիլին: ՎՏԲ բանկը «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է:

Այժմ բանկն ունի 78 մասնաճյուղ:-0-