Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ուղևորն ինքնասպանության անհաջող փորձ է կատարել

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ուղևորն ինքնասպանության անհաջող փորձ է կատարել ինքնաթիռում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հայկական «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։
««Արմավիայի» ինքնաթիռով լույս շաբաթ գիշերը Նովոսիբիրսկից Երևան մեկնող ուղևորներից մեկը փորձել է ինքնասպանություն գործել՝ կտրելով երակները»,- ասաց Ավետիսովան։
Ըստ նրա՝ երիտասարդը փակվել է ինքնաթիռի զուգարանում, նրա երկարատև բացակայությունն առաջացրել է բորտուղեկցորդների անհանգստությունն, ովքեր բացել են դուռն ու հայտնաբերել նրան անգիտակից վիճակում և կտրած երակներով։
Նա նշեց, որ, բարեբախատաբար, ուղևորների թվում ինքնաթիռում բժիշկ կար, ով առաջին բժշկական օգնություն ցուցաբերեց տուժածին։
«Ուղևորը կորցրել է գիտակցությունը, սակայն ուղեկցորդների օպեևրատիվ գործողություններն օգնել են փրկել նրա կյանքը»,- ասաց Ավետիսովան։
Ավիաընկերության մամուլի քարտուղարը նշեց, որ շնորհիվ ուղեկցորդների օպերատիվ արձագանքին՝ շտապ վայրէջքի անհրաժեշտություն չեղավ, և ինքնաթիռն ըստ ժամանակացույցի վայրէջք իրականացրեց Երևանում։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ինքաթիռն արդեն դիմավորում էր «Շտապ օգնության» մեքենան և իրավապահ կառույցների ներկայացուցիչները։ Ինչպես նշեց Ավետիսովան, տուժածի տարիքը, ինքնասպանության փորձի պատճառներն ու այլ մանրամասներ չեն հրապարակվում։ -0-