Երևանում պարգևատրվել են «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային վեցերորդ կինոփառատոնի հաղթողները երեք անվանակարգերում՝ միջազգային խաղարկային ֆիլմ, վավերագրական ֆիլմ և Հայկական համայնապատկեր։
Վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը» ֆիլմը լավագույնն է ճանաչվել միջազգային խաղարկային ֆիլմ անվակարգում, ինչպես նաև արժանացել է անկախ եկեղեցական Էկումենիկ ժյուրիի գլխավոր մրցանակի՝ որպես փառատոնի լավագույն ֆիլմ։
Ռեժիսորի խոսքերով՝ ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Ֆիլմի հիմքում ընկած է վրացի տղայի ողբերգական պատմությունը, որը փնտրում է Աբխազիայում Քաղաքացիական պատերազմի ժամանակ անհայտ կորած հորը:
««Մյուս ափը» պատերազմի երեխաների մասին է», - ասել է Օվաշվիլին ֆիլմի երևանյան պրեմիերայի նախօրեին։
Ֆիլմի հաջողությունը մեծամասամբ կախված էր նաև գլխավոր դերակատարի ընտրությունից։ Օվաշվիլին խոստովանել է, որ երկարատև անհաջող կաստինգից հետո հանկարծակի հանդիպել է 11-ամյա Տեդո Բեքաուրիին, ով հիանալի կերպով մարմնավորել է տղայի կերպարը, որն անձնուրացորեն փնտրում է սեփական հորը։
Միջազգային խաղարկային ֆիլմի ժյուրիի նախագահ Կոհեյ Օգուրիի կարծիքով՝ ընտրությունն այնքան ակնհայտ էր, որ ժյուրիի անդամների միջև տարաձայնություն գրեթե չի առաջացել։
Նույն անվանակարգում «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակի է արժանացել լեհ ռեժիսոր Միխալ Ռոսի «Քերծվածք
» (/Rysa/ Լեհաստան, 2008թ) ֆիլմը։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես տարեց ընտանեկան զույգը տեսաերիզ է ստանում, որտեղ ձայնագրված է մի հեռուստահաղորդում, որից հետևում է, որ ընտանիքի ղեկավարը համագործակցել է հատուկ ծառայությունների հետ և մահվան է հասցրել սեփական հորը։
«Հայկական համայնապատկեր» անվանակարգում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակի է արժանացել ռեժիսոր Արկա Մանուկյանի «Սիրով և երախտագիտությամբ» ֆիլմը, որը պատմում է տակառագործների մասին, որոնք իրենց նախնիներից ընդունել են ոչ միայն արվեստի հմտությունները, այլև վարպետների ավանդույթները ու պատմությունները:
Դանիացի ռեժիսոր Անդերս Օսթերգորդինի «Բիրմացի վիջեյը» ֆիլմը լավագույնն է ճանաչվել միջազգային վավերագրական ֆիլմ անվանակարգում, իսկ Սերգեյ Բուկովսկու «Ողջերը» ֆիլմն այդ անվակարգում արժանացել է «Արծաթե ծիրանի»:
Թուրք կինոռեժիսոր Օզջան Ալփերիի «Աշուն» ֆիլմը լավագույնն է ճանաչվել FIPRESCI-ի /Կինոմամուլի միջազգային ֆեդերացիա/ անկախ ժյուրիի կարծիքով, ինչպես նաև պարգևատրվել է միջազգային խաղարկային կինոյի ժյուրիի նախագահի հատուկ դիպլոմով:
Բացի այդ փառատոնի հատուկ մրցանակով է պարգևատրվել հնդկուհի Ֆայզա Ահմադ Խանինի «Մալեգաոնի գերմարդիկ» ֆիլմը:
Լևոն Քալանթարյանի «Կովկասի ազգականուհին» կարճամենտրաժ ֆիլմն ու Ֆրեդերիկ Բալեգջյանի «Մեր աշխարհը» ֆիլմը պարգևատրվել են դիպլոմներով:
Վաթսունհինգ երկրների ավելի քան 400 ֆիլմեր ներկայացվել են «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային վեցերորդ փառատոնին, որոնցից ընտրվել են ավելի քան հարյուրը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվել է Երևանում հուլիսի 12-ից 19-ը:-0-