Հայաստանից ծիրանի արտահանման ծավալը 2009թ.-ին կկազմի 12,5-13 հազար տոննա, ինչը 5-5,5 հազար տոննայով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
«Վերջին մի քանի տարվա ցուցանիշներով սա ռեկորդային թիվ է», - ուրբաթ լրագրողներին ասաց Գալստյանը:
Նրա խոսքով, եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 6910 տոննա ծիրան, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմել է 11231 տոննա:
«Այդ քանակից 7058 տոննան արտահանվել է Ռուսաստան, 3304 տոննան՝ Վրաստան, 814 տոննան՝ Ուկրաինա, 54 տոննան՝ Բելառուս: Հայկական ծիրանն արտահանվում է նաև եվրոպական շուկաներ. 2009թ.-ին արդեն Բելգիա է արտահանվել շուրջ 200 կգ ծիրան», - ասաց նա:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ այսօր մասնավորապես Արմավիրի և Արագածոտնի մարզերում, ինչպես նաև Էջմիածնում և Երևանում սառցախցիկներում պահվում է շուրջ 1000 տոննա բարձրորակ ծիրան:
«Դա անհրաժեշտ է, քանի որ ծիրանի նման շուտ փչացող ապրանքը պահանջում է պահպանման հատուկ տեխնիկական պայմաններ՝ փակ արկղերում ծովով դեպի Ռուսաստան, Ուկրաինա և Բելառուս արտահանելու համար», - պարզաբանեց նա:
Բացի այդ, Գալստյանի խոսքով, կառավարությունը դեռևս արտահանման գործընթացից առաջ հանձնարարել էր տարբեր գերատեսչություններին՝ սերտ կապ պահպանել արտահանող կազմակերպությունների հետ՝ վարչական գործընթացների և փաստաթղթերի ձևակերպման հեշտացման համար, որոնք շատ ժամանակ են խլում:
«Համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացվել՝ արտահանողների և գնորդների մասնակցությամբ, որի ընթացքում որոշում է ընդունվել տարբեր փաստաթղթերի ձևակերպման ժամկետները մի քանի ժամի հասցնելու մասին», - ասաց նա:
Փոխնախարարը նաև նշեց, որ այս պահի դրությամբ հանրապետության վերամշակող ձեռնարկություններն արդեն գնել են 2859 տոննա ծիրան՝ նախորդ տարվա 6100 տոննայի դիմաց:
«Այն դեպքում, եթե վերամշակող ֆաբրիկաները գնում են ծիրանն անմիջապես ֆերմերային տնտեսություններից, ապա մեկ կգ-ի դիմաց գնման արժեքը կազմում է 45-50 դրամ», - ավելացրեց նա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն՝ 2009թ.-ին Հայաստանում ծիրանի բերքը կազմել է 80-82 հազար տոննա (1 դոլարը 366,15 դրամ է):-0-