Հայտնաբերվել է Տու-154 իրանական ինքնաթիռի երրորդ և վերջին «սև արկղը»

16.07.2009, 17:11
Հայտնաբերվել է Տու-154 իրանական ինքնաթիռի երրորդ և վերջին «սև արկղը»
Հայտնաբերվել է Տու-154 իրանական ինքնաթիռի երրորդ և վերջին «սև արկղը»

Փրկարարները հինգշաբթի գտել են նախօրեին վթարի ենթարկված Տու-154 իրանական ինքնաթիռի երրորդ և վերջին «սև արկղը», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը:

Ինքնաթիռի մյուս երկու ինքնագրիչները գտնվել էին չորեքշաբթի: Դրանք խիստ վնասված են:

Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն էին:

«Փրկարարները երրորդ «սև արկղը» հայտնաբերել են վթարի վայրից 4 կմ հեռավորության վրա»,- Mehr գործակալությունը մեջբերում է իրանական Կարմիր խաչի ներկայացուցիչ Ահմադ Էսֆանդիարիի խոսքերը: Ավելի վաղ իրանական իշխանությունները հայտարարում էին, որ ինքնագրիչների վերծանման հետ կապված խնդիրներ ծագելու դեպքում իրենք մտադիր են դիմել արտադրող-երկրի փորձագետների օգնությանը:  

Միջազգային օդային օրենսդրության համաձայն՝ Միջպետական ավիացիոն կոմիտեում մասնագետների խումբ է ձևավորել, որը կմեկնի Իրան ավիացիոն պատահարի հետաքննությանը մասնակցելու: Խումբը գլխավորում է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Գեորգի Յաչմենևը:--0--